Շանը հարվածելը դարձել է դանակահարության ու 4 տարի ազատազրկման պատճառ

23-ամյա Արթուր Խաչատրյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի աթոռին է եղել 2014 թվականից. Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Խաչատրյանը 2014թ. ապրիլի 1-ին ժամը 14:25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Նոր Նորքի ՚Մուշ՚ խանութի մոտ, հարվածել է Գևորգ Ղազարյանի շանը, որի համար տիրոջ կողմից դիտողության է արժանացել:

Համաձայն ամբաստանյալի ցուցմունքի՝ վերջինս ցանկացել է խանութից ծխախոտ գնել, սակայն քանի որ եղանակը լավ է եղել, որոշել է որոշ ժամանակ կանգնել դրսում ու չի մտել խանութ: ՙՄուշ՚ խանութի ձախակողմյան հատվածում կանգնած է եղել , երբ իրեն մոտեցել է շագանակագույն փողոցային շուն ու սկսել է գռմռալ իր վրա ու վրա է տվել:

Վախեցնելու համար ինքը ձնագնդիկով հարվածել է այդ շանը, որն էլ հեռացել է դեպի դիմացի մայթին կանգնած Գևորգ Ղազարյանը: Ամբաստանյալի խոսքով՝ Գևորգն այնուհետ դիմել է իրեն ու ասել ՙխի էս խփում արա՚, որին ինքը պատասխանել է, որ ՙմի հատ էլ տիրոջը կխփեմ, որ պահի իր շանը, որ չի կապում՚: Դրանից հետո արդեն ամբաստանյալը չի հիշում, թե ինչ խոսքից հետո է մոտեցել նրան ու սկսել են միմյանց շորերից բռնել ու քաշքշել:

Վիճաբանությունն իրենց բնակարանի պատուհանից տեսել է Գ.Ղազարյանի կին Աննա Ղազարյանը: Վերջինս իջել է փողոց և միջամտել վիճաբանությանը՝ փորձելով սաստել Արթուր Խաչատրյանին: Սակայն Արթուրը, շարունակելով խուլիգանական վարքագիծը, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հետապնդել է Գ.Ղազարյանին , որի ժամանակ դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է իր դեմ դուրս ելած Գևորգի կնոջ՝ Աննա Ղազարյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ծակած-կտրած թափանցող վերքի ձևով՝ թոքի վնասումով: Արթուրը, դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմանկան վնասված, դիմել է փախուստի:

Հարուցվել է քրեական գործ, որը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ս. Ուզունյանի նախագահությամբ: Դատարանը վճռել է ամբաստանյալ Արթուր Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի իրեղեն ապացույցների սենյակում պահվող իրեղեն ապացույց ճանաչված Աննա Ղազարյանի դեպքի պահին հագին եղած հագուստները սև գույնի անթև մայկան, սև գույնի երկարաթև սվիտրը՝ արնանման հետքերով և Գևորգ Ղազարյանի հագուստները, վերադարձվել են վերջիններիս:

Նշենք նաև, որ դատավճիռը տուժող կողմը բողոքարկել է Քրեական վերաքննիչ դատարան ՝ այն ամբողջությամբ բեկանելու և Արթուր Խաչատրյանին մեղավոր ճանաչելու ՀՀ քր. օր. 112 հոդ. 2-րդ մասի 9-րդ կետով և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով:
Գործի քննությունը շարունակվում է դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել