ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում ենք,որ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված Արմեն Թամարյանը ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներին 2014 թվականի հոկտեմբերի 26-ին հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, հիշյալ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնության, այնուհետև ձերբակալվել է և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Արմեն Թամարյանը որպես վկա հարցաքննվելիս նախազգուշացվել է ցուցմունք տալուց հրաժարվելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, սակայն հիշյալ գործով պարզաբանման ենթակա հանգամանքների շուրջ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Այնուհետև Արմեն Թամարյանը շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ հետագայում քրեական գործով ճանաչվելով տուժող և կրկին նախազգուշացված լինելով ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին՝ որպես տուժող հարցաքննության ժամանակ ևս հրաժարվել է ցուցմունք տալուց:
Նշենք, որ պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, որի օրինականությունը ստուգվել է դատախազի կողմից, իսկ Արմեն Թամարյանի կողմից քրեական գործով ցուցմունքներ տալուց հրաժարվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Արմեն Թամարյանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: