Ինչպե՞ս կընտրվի Ազգային ժողովը նոր Սահմանադրությամբ

2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է Ազգային ժոծովի ընտրության նոր ընթացակարգ, որը բնորոշ է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություններին:

Նախ և առաջ, նախագծով նախատեսվում է, որ Ազգային ժողովը կազմված է լինելու առնվազն հարյուր մեկ պատգամավորից, ի տարբերություն գործող Սահմանադրության, որտեղ հստակ ամրագրված է պատգամավորների թիվը 131 հոգի:

Բացի այդ, նախատեսված առնվազն 101 պատգամավորական տեղերին ավելացվելու են լրացուցիչ տեղեր, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հատկացվելու են ազգային փոքրամասնությունների համար:

Եթե գործող Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ձևավորվում է խառը ընտրական համակարգի արդյունքում՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգով: Հրապարակված Սահմանադրության նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրություն միայն համամասնական ընտրակարգով: Կայուն քաղաքական համակարգի ձևավոիրման նպատակով նագածում նշվում է, որ Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը:

Նախագիծն ըստ էության առաջարկում է Ազգային ժողովի ձևավորման երկփուլանի ընտրական համակարգ, այսպես, ըստ նախագծի՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

Միևնույն ժամանակ ամրագրված է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթներ:

Ծանոթություն: Հրապարակված Սահմանադրության նախագծի իրավակարգավորումները նախնական են և կարող են փոփոխվել մինչև նախագծի վերջնական տարբերակի ներկայացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել