ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Մեկ անձ ձերբակալվել է։
2015 թվականի հուլիսի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնում Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանից ահազանգ է ստացվել, որ նույն գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել է որդու ավտոմեքենան, ապա գրավոր հաղորդում է ստացվել նաև գյուղապետի որդուց՝ Մարզպետ Աշոտի Վարդանյանից։
Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի հանգամանքները։
Նախնական քննության արդյունքներով՝ 2015 թվականի հուլիսի 9-ի երեկոյան Մարզպետ Աշոտի Վարդանյանի, նրա երկու ազգականների և համագյուղացի Ռուբիկ Հակոբյանի միջև Գառնի գյուղի տարածքում առաջացել է վիճաբանություն՝ ավտոմեքենաներով ճանապարհը միմյանց չզիջելու պատճառով։ Այն շարունակվել է գազալցակայանի շրջակայքում, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում, քննության տվյալներով, Ռ.Հակոբյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել։ Վնասվել են գյուղապետի որդու ավտոմեքենան, գազալցակայանի սպասասրահի և օժանդակ շինության ապակիները:
Պարզվել է նաև, որ վիճաբանությանը միջամտել են համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, Ռուբեն Հակոբյանի մտերիմները՝ Ա.Սահակյանը և Ա.Հայրապետյանը. նախնական տվյալներով՝ վերջիններս ևս ինքնաձիգից կրակահերթ են արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր, ավտոմեքենայի վրա հայտնաբերվել է հրազենային 21 վնասվածք։
Զինված խուլիգանություն կատարելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով Ա.Սահակյանը ձերբակալվել է, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ զինված խուլիգանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հստակեցվում են մասնակիցների ամբողջական շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։
Մի շարք անձանցից վերցվել են փորձանմուշներ, առգրավվել հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ: Միջնորդություններ են ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ վիճաբանությանը մասնակցած անձանց բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։