Հնդիկներին օգնելու համար աշխատանքային կեղծ պայմանագրեր են կնքվել

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հնդիկներին օգնելու համար կեղծ փաստաթղթեր կազմելու վերաբերյալ քրեական գործ: Մեղադրյալի աթոռին են Աննա Վարդանյանը, Նարինե Սարգսյանն ու հնդկաստանի քաղաքացի Գուարավ Իքբալ Չանդ Շարմանին:

Համաձայն մեղադրական եզրակացության, Գուարավ Իքբալ Չանդ Շարմանին իր համաքաղաքացիների համար կացության քարտ ձեռք բերելու հարցում օգնելու նպատակով 2014 թվականին իր ծանոթ Աննա Վարդանյանին է տվել Հնդկաստանի թվով 6 քաղաքացիների փաստաթղթերը և 40.000-ական ՀՀ դրամ գումար` կազմակերպելով Ա. Վարդանյանի և Նարինե Սարգսյանի կողմից նշված անձանց համար Նարինե Սարգսյան ԱՁ-ում որպես աշխատողներ ձևակերպելու վերաբերյալ կեղծ աշխատանքային պայմանագրերի պատրաստումը, ինչի հիման վրա էլ իրականության չհամապատասխանող բովանդակությամբ կեղծ դիմումներ են ուղարկել ՀՀ ոստիկանության ԱՎՎ և այդ անձանց տրամադրվել են կացության քարտեր:

Հնդկաստանի քաղաքացիներին կացության քարտ ձեռք բերելու հարցում օգնելու նպատակով, Նարինեն նախնական համաձայնության է եկել Աննայի հետ, որից հետո իր անվամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է որպես ԱՁ Նարինե Սարգսյան, ապա իր գիտությամբ և համաձայնությամբ Աննան Հնդկաստանի  6 քաղաքացիների համար պատրաստել է իրավունք վերապահող կեղծ աշխատանքային պայմանագրեր, դրանցից երկուսում չնշելով անգամ պայմանագրի կնքման ամսաթիվը:  Նարինեի գիտությամբ և համաձայնությամբ վերջինիս փոխարեն ստորագրել է դրանք, ինչի հիման վրա էլ կեղծ դիմումներ է ուղարկել ՀՀ ոստիկանության ԱՎՎ, որի արդյունքում քաղաքացիները ստացել են կացության քարտեր: Դրանցից յուրաքանչյուրի դիմաց Գուարավ Շարմանի միջոցով վերցրել է 40,000 ՀՀ դրամ, որից 20,000 ՀՀ դրամը տվել է Ն. Սարգսյանին, իսկ 5,000 ՀՀ դրամը Գուարավին:

Ամբաստանյալների հանդեպ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել