Նելլի Դուրյանը կոչ է անում` երեխաներին չտանել ցույցի

Բաղրամյան պողոտայում քիչ առաջ շրջայց է կատարել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա Բաղրամյանում էր, որպեսզի խոսեր անչափահասների հետ և հորդորի նրանց  ծնողներին, որ անչափահաս երեխաներին իրենց հետ ցույցի չտանեն:  Նելլի Դուրյանը պատասխանեց ցուցարարների և լրագրողների հարցերին: Ցուցարարների այն հարցին, թե ինչու՞  նրանք ավելի շուտ չէին  գալիս և հետաքրքրվում ցույցին մասնակից անչափահաս երեխաների խնդրով, Նելլի Դուրյանը պատասխանեց, որ ինքը առաջին օրը չէ, որ Բաղրամյանում է: Ցույցի  նախորդ օրերին ինքը  քաղաքացիական հագուստով է եղել, այդ պատճառով ցուցարարները չեն ճանչել: Ինչպես նաև, նրա խոսքով,  տվյալ ստորաբաժանման աշխատակիցները ցույցի առաջին իսկ օրից  աշխատանքներ են կատարել:

Նելլի Դուրյանը չկարողացավ նաև պատասխանել այն հարցին, թե ինչու՞  են  հունիսի 23-ին  մորն ու անչափահաս 11 տարեկան երեխային տարել  ոստիկանության տարբեր բաժիններ: Նա միայն ասաց, որ վաղը զանգահարելու դեպքում, կստանան պատասխան:

Դուրյանի  խոսքով եղանակը երեխաների համար արդեն իսկ անբարենպաստ է, ինչպես նաև նրանք չպետք է ուշ ժամի լինեն փողոցում: Մինչդեռ ցուցարարները վստահեցնում էին, որ ծնողների կողմից երեխաներին որևիցե վտանգ չի սպառնում, նրանք ևս կարող են մասնակցել ցույցին: Նրանց մի մասն էլ գտնում է, որ  ոստիկանությունը եկել է երեխաներին  հենց ոստիկանությունից պաշտպանելու համար:

Նելլի Դուրյանը շրջեց Բաղրամյանում, բայց  չմոտեցավ և չխոսեց անչափահասների հետ, ինչի համար, որ եկել էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել