«Ոչ մի խնդիր չունեին». ամուսնու կողմից վիրավորած կնոջ հայրը

Իրավաբան.netի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնից դուրս եկան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը: Նրանք երկուսն էլ վիրահատարանում էին, որտեղ այս պահին վիրահատվում է ծանր հրազենային վնասվածք ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանը:

Նախարարն ու կենտրոնի ղեկավարը հրաժարվեցին պատրասխանել լրագրողների հարցերին: Աղջկա հարազատներն ու Ռազմիկ Աբրահամյանն էլ խնդրեցին, որ լրագրողներն իրենց հաղորդումները չգերադասեն մարդկանց խնդիրներից:

Զրույցի ժամանակ, երբ աղջկա հորը հարց տվեցին, թե այդ երիտասարդ ընտանիքն ի՞նչ խնդիր է ունեցել, հայրը բացասաբար շարժեց գլուխը. «Ոչ մի խնդիր չունեին»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը 33-ամյա տղամարդը հենց հիվանդասենյակում կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել:

Հայտնի է նաև, որ երեք հրազենային վնասվածք է ստացել Մելինեն` պարանոցային և ուսային հատվածում:

Նշենք նաև, որ դեպքի վայր համարվող 407 սենյակն այս պահին նախաքննական մարմնի կողմից փակված և կնքված է, քիչ առաջ այնտեղից դուրս է բերվել կնոջ վրա կրակած և ինքնասպան եղած տղամարդու մարմինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել