Այսօր տեղեկություն էր տարածվել, որ երեկ երեկոյան ոստիկանների կողմից բերման է ենթարկվել Դավիթ Նիկողոսյանը, այնուհետև հարազատները չեն կարողանում տեղեկանալ, թե նա ոստիկանության որ բաժնում է: Իրավաբան.net-ին հաջողվեց կապվել Դավիթի հետ:
Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ իրեն ոստիկանները բերման են ենթարկել` իր մոտ կտրող-ծակող գործիք ունենալու կասկածանքով, սակայն կասկածները հերքվել են, 2.5-3 ժամ ոստիկանության բաժնում պահվելուց հետո իրենց բաց են թողել. «Թաշկինակից բացի` ուրիշ բան չի եղել ինձ մոտ»:
Նա պատմեց նաև, որ ընկերոջ հետ «Ազատության» հրապարակ են գնացել, որտեղ ելույթ են ունեցել իրեն ծանոթ մարդիկ. «Իրենց ելույթներից զգացի, որ ինչ-որ մի բան նորմալ չէ, վախեցրել են կամ ինչ-որ նման բան. ոնց որ ուրիշ մարդիկ լինեին» («Ոչ թալանին» նախաձեռնության անդամների մասին է): Ընկերոջս հետ էի, կողքիս կանգնած մի մարդ կանչեց, սկսեցինք խոսել, ես իմ կարծքիը հայտնեցի, որ հնարավոր է նրանց վախեցրել են ու դրանից որոշ ժամանակ հետո ինձ բերման են ենթարկել»,- պատմեց Դավիթը:
Իսկ այն հարցին ,թե ինչն էր պատճառը, որ լուրեր էին պտտվում, թե ինքն անհետացել է ոստիկանների կողմից բերման ենթարկվելուց հետո, Դավիթը պատասխանեց, թե քանի որ բերման ենթարկելուց հետո ոստիկանությունում իր հեռախոսն առգրավել են, չի կարողացել եղբորը զանգել, դրա պատճառով էլ սկսել են անհանգստանալ:
Լուսանկարը` forrights.am-ից