Համաձայն ՀՀ ոստիկանության մասին օրենքի 12-րդ հոդվածի` հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:
ՀՀ ոստիկանության մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ ոստիկանության կողմից մարդուն խոշտանգումների, բռնության, այլ դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը պատժվում է օրենքով:
Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները:
Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում, տեղյակ պահել նրանց հարազատներին` նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում նրանց բժշկական կամ այլ օգնություն ցույց տալու ուղղությամբ:
Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին: