Փաստաբան. «Դատարանը պարտավորեցրեց ԱԱԾ քննչական վարչությանը ինձ ներգրավվել քրեական գործում»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պարտադրել է ԱԱԾ քննչական վարչությանը փաստաբան Տիգրան Աթանեսյանին ներգրավվել որպես «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի պաշտպան:

Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց փաստաբանը. «Իննը ամիս տևած պայքարից հետո, փաստորեն փոքրիկ հաղթանակ արձանագրեցինք: Պաշտպանին չներգրավվելու խախտումներն այնքան բացահայտ էին, որ նույնիսկ մեր երկրի ԱԱԾ-ն ընկրկեց, ինչը հազվագյուտ երևույթ է: 10 օր հետո կմտնի ուժի մեջ որոշումը, կներգրավվեմ, կստանամ անհրաժեշտ փաստաթղթերն ու կիրականացնեմ իմ հաջորդ քայլերը»,- փոխանցեց պարոն Աթանեսյանը:

Նշենք, որ ներկայումս առաջին ատյանի դատարանը դատական քննության է առել «Արմենտել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանի դեմ քրեական գործը:

Աշոտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. նոյեմբերի 13-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով գործուղման մեջ ՌԴ Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած հանդիպման ժամանակ, աշխատանքից ազատվելու մտավախությունից դրդված, համաձայնել է վերադասի՝ «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության պետ Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորություններն, «Արմենտել» ՓԲ ընկերության շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի։

Ըստ մեղադրական եզրակացության` նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են Աշոտ Պողոսյանը, «Արմենտել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Աաչկովը, ինչպես նաև Ղրղրզստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Պիսարևր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել