Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պարտադրել է ԱԱԾ քննչական վարչությանը փաստաբան Տիգրան Աթանեսյանին ներգրավվել որպես «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի պաշտպան:
Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց փաստաբանը. «Իննը ամիս տևած պայքարից հետո, փաստորեն փոքրիկ հաղթանակ արձանագրեցինք: Պաշտպանին չներգրավվելու խախտումներն այնքան բացահայտ էին, որ նույնիսկ մեր երկրի ԱԱԾ-ն ընկրկեց, ինչը հազվագյուտ երևույթ է: 10 օր հետո կմտնի ուժի մեջ որոշումը, կներգրավվեմ, կստանամ անհրաժեշտ փաստաթղթերն ու կիրականացնեմ իմ հաջորդ քայլերը»,- փոխանցեց պարոն Աթանեսյանը:
Նշենք, որ ներկայումս առաջին ատյանի դատարանը դատական քննության է առել «Արմենտել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության ղեկավար Աշոտ Պողոսյանի դեմ քրեական գործը:
Աշոտ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. նոյեմբերի 13-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում գտնվելով գործուղման մեջ ՌԴ Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած հանդիպման ժամանակ, աշխատանքից ազատվելու մտավախությունից դրդված, համաձայնել է վերադասի՝ «Վիմպելկոմ» ՓԲ ընկերության ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության պետ Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորություններն, «Արմենտել» ՓԲ ընկերության շահերին հակառակ ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի։
Ըստ մեղադրական եզրակացության` նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ Ալեքսանդր Զուբովի կողմից ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի մեջ ընդգրկվել են Աշոտ Պողոսյանը, «Արմենտել» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, տեխնիկական բլոկի տնօրեն Վլադիմիր Աաչկովը, ինչպես նաև Ղրղրզստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսեյ Պիսարևր։