ԻԱԿ-ը չի մասնակցի Հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը չի մասնակցի Հակակոռուպցիոն խորհրդի մրցույթին: Այս մասին Իրավաբան.net-ի լրագրողին ասաց կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը:

Նա ընդգծեց. «Դրա մասին մոտ մեկ ամիս առաջ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ՝ մեր գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ, ինչպես նաև ՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի անունից հայտարարություն ենք տարածել՝ մտահոգություն հայտնելով այն մասին, որ ընդհանրապես չի ապահովված քաղհասարակության լիարժեք մասնակցությունը խորհրդում»:

Նա նաև հավելեց, որ սա չի նշանակում, որ ԻԱԿ-ը որևէ կերպ անիմաստ է համարում իր մասնակցությունը գործընթացին. «Առնվազն առաջիկա երկու տարիներին մոնիթորինգային դիտարկումների միջոցով հետևելու ենք խորհրդի աշխատանքին, իսկ եթե իսկապես այն արդարացնի իրեն՝ որպես հակակոռուպցիոն պայքար իրականացնող անկախ ու անաչառ ինստիտուտ, ապա հաջորդ մրցույթին անպայման, կարծում եմ՝ մեր թեկնածությունը կառաջադրենք»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Ընդգծենք, որ այս խորհրդում ընդգրկվելու համար անցկացվող մրցույթին մասնակցելուց հրաժարվել է 70-ից ավելի ՀԿ-ի միավորմամբ ստեղծված հակակոռուպցիոն կոալիցիան, ինչպես նաև շուրջ 150 ՀԿ-ից կազմված Պետական կառույցների հետ համագործակցության Հանրային ցանցը` հանդես գալով համապատասխան հայտարարությամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում (ECOSOC) հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունեցող հայաստանյան հասարակական կազմակերպությունների դաշինքը, իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ն, որի մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի մշակմանը, նախընտրում է մնալ դիտորդի կարգավիճակում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ