«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով առաջին վճիռը, որը կայացվել էր Եվրոպական դատարանի ստորին պալատի կողմից, դատական լուրջ սխալ էր: Կարծում է արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը. «Այդ որոշման մեջ առկա էին մի քանի հարցադրումներ, որոնք կարող էին տարակուսանք հարուցել: Նախ հակասություններ կային նույն դատարանի նախկինում կայացրած որոշումների` մասնավորապես Հոլոքոստի ժխտման հետ: Փաստորեն այստեղ դատարանը որոշակի չափով տարբերակված մոտեցում ցուցաբերեց, մեղմ ասած, իսկ պարզ ասած` կրկնակի ստանդարտ կիրառեց և տարբերակում մտցրեց Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության միջև, ինչը հիմնավորված չի կարող լինել»:
Տարակուսանք է առաջացնում նաև դատարանի պարզաբանումները. «Նշվում էր, որ ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային դատական ատյանները որոշումներ չեն կայացրել: Սակայն չպետք է մոռանանք, որ ՄԻԵԴ-ի հիմնական մտահոգությունը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանությունը: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է ժխտել մարդու իրավունքների պաշտպանությունը այն չափանիշով, որ միջազգային հանրությունը ժամանակին տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ, բայց հիմնականում օբյեկտիվ պատճառներով չի կարողացել նման դատավարություն կազմակերպել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Նա ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը սերտորեն կապված է հակահայկականության կամ արմենաֆոբիայի հետ, որը լայնորեն տարածված է Թուրքիայում և Ադրբեջանում:
Ինչևէ, արդարադատության նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ը հայկական կողմի տեսակետի ներկայացումից հետո ճիշտ կկողմնորոշվի և կընդունի ավելի հավասարակշռված, մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանող այնպիսի որոշում, որը Հայաստանն ակնկալում է:
Հիշեցնենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ընթացքում հունվարի 28-ին ելույթներ ունեցան Հայաստանը ներկայացնող Գևորգ Կոստանյանը, Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:
Թուրքիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը 2005թ.-ին Շվեյցարիայում տեղի ունեցած տարբեր համաժողովների ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակում էր որպես «միջազգային սուտ»: «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց, 2007 թվականին թուրք ազգայնականը դատապարտվեց տուգանքի և քրեական պատասխանատվության` Հայոց Ցեղասպանությունն ժխտելու համար: Փերինչեքը անցավ Շվեյցարիայի բոլոր դատական ատյանները և դիմեց ՄԻԵԴ: 2013թ.-ին դատարանի ստորին պալատը վճռել էր, որ խախտվել է խոսքի ազատության սկզբունքը: Նույն տարի Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել ստորին պալատի կայացրած որոշումը: