Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում հետաձգվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում պարտադիր փաստաթղթավորման պահանջը:
Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ. «Մենք հույս ունենք կոնստրուկտիվ դաշտում պայմանավորվել և շատ կարճ ժամանակահատվածում բերել օրենքի նախագիծ, որը հիմնավորապես կլուծի այս խնդիրը և կհանի Փոքր և միջին ձեռներեցների մտահոգությունը: Մենք կողմ չենք քվեարկելու ժամանակը ձգելուն և իհարկե դեմ չենք, որովհետև դեմի դեպքում կման այս վատ տարբերակը, ուստի ԲՀԿ-ն այս առաջարկին կքվեարկի ձեռնպահ»,- նշեց տիկի Զոհրաբյանը:
«Ժառանգություն» խմբակցություն ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենց ձեռնպահ քվեարկելու որոշումը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. «Վարչապետի հետ հանդիպմանը որոշվել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք միասնական, միատեղված նախագծով հանդես կգանք»:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պարզաբանեց, որ ԱԺ նախագահի աշխատասենյակում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետի հետ և կայացվել է որոշում, որ պետք է 2 շաբաթվա ընթացքում խնդրին լուծում տրվի, իսկ մինչև հուլիսը հետաձգելու հետ կապված որևէ խոսք չի գնացել: ՕԵԿ որոշեց ձեռնպահ քվեարկել, նույն կարծիքն ուներ ՀԱԿ-ը: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել նախագծին:
Նախագիծը դրվեց քվեարկության, դրան կողմ քվերակեցին 75 պատգամավորներ, դեմ` 1-ը, իսկ ձեռնպահ մնաց 40 պատգամավոր: