Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի միջավայրային գործոնները գնահատող մասնագետ, Անուշ Գալստյանի գործով դատական նիստը։ Գործը հակակոռուպցիոն դատարանում ստացվել է 2025 թվականի սեպտեմբերի 4-ին։
Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրողի ներկայացուցիչ Մանե Սաֆարյանը, պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Արայիկ Գրիգորյանը, մեղադրյալ Անուշ Գալստյանը։ Պաշտպանական կողմը դեմ է արտահայտվել դատական նիստի տեսանկարահանման միջնորդությանը։ Նիստը ձայնագրվել է։
Նիստի սկզբում Դատարանը պարզեց, թե արդյո՞ք կան բացարկի, ինքնաբացարկի միջնորդություններ։ Դրանց բացակայությունը հաստատելուց հետո Դատարանը սկսեց քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննությանը։ Նման միջնորդություն ևս չկար։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է չբացակայելու արգելքը։ Հանրային մեղադրողի ներկայացուցիչը միջնորդեց խափանման միջոցը թողնել անփոփոխ, ինչին պաշտպանական կողմը չառարկեց։
Դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց հարցաքննել գործով անցնող վկաներին, հետազոտել նաև գրավոր ապացույցները, որոնց թվում էր նաև Անուշ Գալստյանի հեռախոսի զննության արձանագրությունը։ Միջնորդությունը բավարարվեց, առարկություններ չկային։ Սակայն Դատարանը որոշեց նախ հետազոտել գրավոր ապացույցները հետո միայն վկաներին հրավիրել հարցաքննության։ Ապացույցները անթույլատրելի ճանաչելու միջնորդություն չներկայացվեց։
Գործի քննությանը վերաբերելի սահմանված հարցերի պարզաբանումից հետո դատախազ Մանե Սաֆարյանը բացման խոսքով հանդես եկավ, ներկայացրեց մեղադրական եզրակացությունը։
Մեղադրական եզրակացության համաձայն Անուշ Ֆրունզիկի Գալստյանը, հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի միջավայրային գործոնները գնահատող մասնագետ, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելով պաշտոնատար անձանց՝ «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի չպարզված անդամների կողմից իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ապօրինի գործողության, այն է` նույն ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնում 2024 թվականի սեպտեմբեր ամսին կազմակերպված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ Արամայիս Լևոնի Օհանյանի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N1177-Ն որոշման հավելվածով նախատեսված 25 տոկոսից բարձր գնահատելու համար կաշառք պահանջելուն և ստանալուն, 2024 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 10:51- ի սահմաններում Արամայիս Լևոնի Օհանյանին հայտնել է նշված հանձնաժողովի անդամներին 60.000 ՀՀ դրամ կաշառք տալու անհրաժեշտության մասին և նույն օրը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարակից տարածքում վերջինիցս ստացել 60.000 ՀՀ դրամ գումարը:
Պաշտպանական կողմը ևս հանդես եկավ բացման խոսքով, ինչից հետո դատարանը անցավ ապացույցների հետազոտմանը։
Մանե Սաֆարյանը ներկայացրեց Անուշ Գալստյանի հեռախոսի զննությամբ ի հայտ եկած ապացույցները, ինչպես նաև հեռախոսազրույցների արձանագրությունները։ Արձանագրությունների մի մասը ներկայացվեց, ինչից հետո դատարանը հայտարարեց գործի քննությունը հետաձգելու մասին։
Դատալսումները կշարունակվեն 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 12։00-ին։
Մանրամասները դատական նիստի ձայնագրությունում։