Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է կառուցապատողներին՝ խստացնելով տուգանքներն ու վերահսկողությունը

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություների հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկումը մեծապես վերաբերում էր  օդի որակի գնահատմանը և շինհրապարակներում կառուցապատողների կողմից ոչ պատշաճ կահավորմանը։

Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը ներկայացրեց օդի որակի մոնիթորինգի արդյունքները։

«Ավագանու որոշման պահանջի համաձայն շինհրապարակներում տեղադրված օդի որակի մոնիթորինգի 172 սարքերից, 25 թվականի օգոստոս ամսվա համար ստացվել են հետևյալ տվյալները։ ուրեմն 65 եղել է արժեքը PM 2.5-ի  համար և PM 10-ի համար այն կազմել է 15 և երկուսն էլ գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում։ Միևնույն ժամանակ 24 թվականի օգոստոսին տեղադրված են եղել 97 կայաններ, համապատասխանաբար 56 և 15 արժեքներն են եղել PM 2.5-ի և PM 10-ի համար։ Սեպտեմբեր ամսվա համար արդեն ունենք 166 կայաններ, որոնցից ստացված տվյալների համապատասխան PM 2.5-ի համար կազմել է 58, իսկ PM 10-ի համար 12, նորից գտնվում են լավ կամ չափավոր միջակայքերում։ 24 թվականի միևնույն ժամանակահատվածի համար նշեմ, որ տեղադրված են եղել 131 կայաններ և ստացված արժեքները կազմել են 55 և 18 PM 2.5-ի և PM 10-ի համար»,- նշեց Հայկազյանը։

Քաղաքապետը արձանագրեց, որ  լուրերը, ըստ որոնց Երևան  քաղաքում ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է՝  իրականությանը չեն համապատասխանում։  «Սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որոնք  տեղադրված են Երևան քաղաքում, բայց նաև հիշեցնեմ, հարգելի գործընկերներ, օդի որակի հետ կապված մեր խնդիրները շուտով կսկսեն, կսկսեն նոյեմբեր ամսին»,- եզրափակեց քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանը նշում է, որ ձմեռային ամիսներին օդի որակի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն կա, հատկապես շինհրապարակներում տեղադրված սարքերից ստացված տվյալների հիման վրա։  Նրա խոսքով՝ շինհրապարակների տարածքում հաճախ վիզուալ առումով նկատելի է շինարարության թողած բացասական ազդեցությունը։

Երևանի ավագանին նախատեսում է դեկտեմբերին ընդունել որոշում, որի խախտման դեպքում կառուցապատողները լուրջ ֆինանսական խնդիրներ կարող են ունենալ։ Մինչ այս նախատեսված կանոններով, եթե կառուցապատողը շինհրապարակում մեկուսիչ ցացնց չի տեղատրում, տուգանվում է 70000 դրամով։ Ըստ քաղաքապետի՝ ցանցերն արժեն մոտ 2-4 միլիոն դրամ։  «Հիմա շատերը մտածեցին, դե ինչու՞ այդ երկու միլիոն, երեք միլիոն կամ չորս միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70000 դրամը։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավագանու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն տուրքերը, որոնք որ դուք ստիպված կլինեք վճարել, չպահպանելով Երևանի ավագանու կայացրած որոշումները, վստահորեն շատ և շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։ Հետևապես, խնդրում եմ, օր առաջ առաջ, ևս մեկ անգամ մտածել ձեր ընդհանուր քաղաքականության մասին։ Անտրամաբանական է ունենալ 70000 դրամ տուգանք,  մի ծրագրի համար, որը նվազագույնը քո վրա պետք է նստի մի քանի միլիոն դրամ, իրոք, հենա կտուգանվեն էլի մարդիկ», – եզրափակեց քաղաքապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել