ՍԴ-ն սահմանեց. ՄԻԵԴ որոշումը ներպետական դատական ակտերի անվերապահ բեկանման հիմք է

ՀՀ սահմանադրական դատարանը (ՍԴ) 2025թ. սեպտեմբերի 23-ին կայացրել է ՍԴՈ-1797 որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) այն իրավակարգավորումը, որը թույլ էր տալիս դատարաններին չբեկանել միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքի խախտումով կայացված դատական ակտերը։ Iravaban.net-ը ուսումնասիրել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին կայացված ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1797 որոշումը և ներկայացնում է մանրամասն իրավական վերլուծություն:

Գործի նախապատմությունը.

Սահմանադրական դատարան դիմել են Մարինե Կպրյանը և Անժելա Ասրիբաբայանը, ովքեր դեռ 2005 թվականին առերեսվել էին իրենց սեփականության օտարման հետ։ Այդ ժամանակ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը հայց էր ներկայացրել դիմողներին և նրանց ընտանիքի անդամներին Երևան քաղաքի Աբովյան փողոցի 3/2 հասցեից վտարելու մասին՝ համապատասխան փոխհատուցմամբ։

Բոլոր դատական ատյանները՝ առաջին ատյանի դատարանը, Վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը, բավարարել էին հայցը։ 2006 թվականին Կպրյանը և Ասրիբաբայանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատ ներկայացրեցին Եվրոպական դատարան։

2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ կառավարությունը միակողմանի հայտարարությամբ դիմեց Եվրոպական դատարան՝ ընդունելով դիմողների իրավունքների խախտման փաստը և առաջարկելով նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև ծախսերի համար վճարել 118.000 եվրո։ ՄԻԵԴ-ն ընդունել է այս առաջարկը և գանգատը հանել քննվող գործերի ցուցակից։

Կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 52-Ն որոշմամբ 118.000 եվրոյին համարժեք 65.611.540 ՀՀ դրամը փոխանցվել է Մարինե Կպրյանի բանկային հաշվեհամարին։

Դիմողները նոր հանգամանքի հիմքով՝ ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա, դիմել են Վճռաբեկ դատարան՝ խնդրելով վերանայել իրենց գործով կայացված դատական ակտերը։ Սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումը՝ պատճառաբանելով, որ Եվրոպական դատարանի որոշման պահանջն արդեն իսկ կատարվել է (փոխհատուցում է տրամադրվել), ուստի դատական ակտի բեկանումը չի կարող ազդել գործի ելքի վրա։

Վիճարկվող դրույթը և դրա խնդրահարույց կիրառումը.

Սահմանադրական դատարանի քննության առարկա է դարձել ՔԴՕ 427-րդ հոդվածի 2-րդ մասը, որն ամրագրում է, որ դատարանը կարող է չբեկանել վերանայվող դատական ակտը, եթե հիմնավորում է, որ նոր հանգամանքներն (այդ թվում՝ Եվրոպական դատարանի որոշումը) ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա։

Սահմանադրական դատարանի հիմնական իրավական դիրքորոշումները.

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արտահայտել է մի շարք կարևոր իրավական դիրքորոշումներ, որոնք արմատապես փոխում են իրավակիրառ պրակտիկան․

  1. Բացարձակ բեկանման պահանջ.«Կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտն անվերապահորեն պետք է ipso facto (փաստի ուժով) հանգեցնի կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը՝ բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու որևէ հնարավորություն»։
  2. Դատական պրոցեդուրայի պատշաճ հաջորդականություն.ՍԴ-ն հստակեցրել է, որ միջազգային դատարանի (Եվրոպական դատարանի) որոշման ազդեցությունը գործի ելքի վրա դատարանը կարող է գնահատել միայն վիճարկվող ակտը բեկանելուց հետո, նոր դատական ակտի կայացման շրջանակներում, այլ ոչ թե նախապես։
  3. Տարբերակում արդարացի բավարարման և սահմանադրական փոխհատուցման միջև.ՍԴ-ն առանցքային տարբերակում է դրել ՄԻԵԴ-ի կողմից տրամադրվող «արդարացի բավարարման» (Կոնվենցիայի 41-րդ հոդված) և Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով երաշխավորված՝ հանրային կարիքների համար սեփականության օտարման դեպքում «նախնական և համարժեք փոխհատուցման» միջև։

Նախնական և համարժեք փոխհատուցման սահմանադրական պահանջը.

Սահմանադրական դատարանը մանրամասն վերլուծել է «նախնական և համարժեք» փոխհատուցման էությունը, մասնավորապես արձանագրելով․

«Նախնականության պահանջի խախտումն անառարկելիորեն հանգեցնելու է հիշատակված ծախսերի վերահաշվարկման այն պահին, երբ փաստացի փոխհատուցումը տրամադրվելու է՝ ներառելով նաև խնդրո առարկա գումարի չվճարման արդյունքում անձի կրած վնասներն ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով նաև փաստացի փոխհատուցման պահի դրությամբ գույքի արժեքի տարբերությունը»։

Ըստ ՍԴ-ի՝ համարժեք փոխհատուցումը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն գույքի շուկայական արժեքը, այլև դրա «ընթացիկ եկամտաբերությունը, շահագործման հնարավորությունները, փոխարինելիության աստիճանը և անհատական հետևանքային այլ ազդեցության գործոններն անձի կյանքի վրա»։

Սեփականության օտարման դիմաց փոխհատուցման հաշվարկի շրջանակը»

ՍԴ-ն ուրվագծել է այն հանգամանքների շրջանակը, որը դատարանը պետք է հետազոտի գործի նոր քննության ժամանակ՝

  1. փոխհատուցման գումարի նախապես վճարված լինելու կամ չլինելու հանգամանքը,
  2. գույքի շուկայական արժեքը փաստացի փոխհատուցման պահին,
  3. գույքի ընթացիկ եկամտաբերությունը,
  4. գույքի շահագործման հնարավորությունները,
  5. գույքի փոխարինելիության աստիճանը,
  6. անհատական հետևանքային այլ ազդեցության գործոններն անձի կյանքի վրա:

Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասը.

Սահմանադրական դատարանը որոշել է՝

  1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին, 61-րդ հոդվածին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։
  2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով։
  3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Իրավակիրառ հետևանքները.

ՍԴ որոշումն ունի հեռուն գնացող հետևանքներ Հայաստանում Եվրոպական դատարանի որոշումների կատարման համար։ Այն բացառում է այն պրակտիկան, երբ դատարանները հրաժարվում էին վերանայել և բեկանել դատական ակտերը, չնայած ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված խախտումներին, պատճառաբանելով, որ ՄԻԵԴ-ի կողմից արդարացի փոխհատուցման վճարումը լուծում է խնդիրը։

Այժմ, ՄԻԵԴ-ի որոշման առկայության պայմաններում, դատարանը պարտավոր է բեկանել խախտում թույլ տված դատական ակտը, և միայն դրանից հետո գնահատել, թե ինչպես են ՄԻԵԴ-ի արձանագրած խախտումներն ազդում գործի ելքի վրա՝ հիմք ընդունելով ազգային օրենսդրության պահանջները։

Որոշումը կիրառելի է այն բոլոր դեպքերում, երբ ՄԻԵԴ-ը կամ այլ միջազգային դատարան արձանագրում է կոնվենցիոն իրավունքի խախտում, և քաղաքացիները դիմում են ՀՀ դատարաններ՝ խնդրելով վերանայել այդ խախտմամբ կայացված դատական ակտերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել