Ինչպես հաղորդում է Iravaban.net-ը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այսօրվա կառավարության նիստում ներկայացրել է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացում ներդրվող նոր լուծումների մասին:
«Արդեն ամիսներ է, որ անհատ ձեռնարկատերերը կարողանում են գրանցումն իրականացնել օնլայն տարբերակով, ընդ որում, օնլայն տարբերակով այս պահի դրությամբ նրանք ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ի տարբերություն այն դեպքի, երբ այցելում են ռեգիստր՝ փաստացի գրանցումն իրականացնելու համար:
Առաջիկա երկու ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ կապահովենք, որպեսզի այլ կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձանց գրանցումը ևս լինի օնլայն հարթակի միջոցով: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, համատիրությունների և այլ կազմակերպաիրավական տեսք ունեցող անձանց մասին է խոսքը:
Քննարկումները շարունակվում են նաև բաժնետիրական ընկերությունների գրանցումները նույն եղանակով իրականացնելու հետ կապված մեր Կենտրոնական բանկի գործընկերների հետ: Կարծում եմ, առաջիկայում փոխգործելիության համապատասխան լուծումներ կունենանք, որպեսզի մեր հարթակը կարողանա սպասարկել բոլոր իրավաբանական անձանց օնլայն գրանցումները», – նշել է նախարարը:
Սրբուհի Գալյանի խոսքով՝ երկու ամիս հետո բոլոր հնարավորությունները կլինեն, որպեսզի գրանցումներն իրականացվեն օնլայն հարթակի միջոցով: