Մինչև ցմահ ազատազրկում․ ի՞նչ պատիժ է նախատեսում օրենքը սպանության համար

ՀՀ Քրեական օրենսգիրքը սպանությունը դասում է այն հանցագործությունների շարքին, որոնք ողբերգական հետևանքներ ունեն՝ մարդու կյանքի իրավունքի դեմ ուղղված լինելու պատճառով։ Մարդու կյանքի իրավունքը ճանաչված է որպես ամենաբարձր արժեք, և դրա ապօրինի խախտումը ենթադրում է  խիստ պատասխանատվություն։

Սպանության ընդհանուր ձևը

  • Սպանություն է համարվում ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը։ Նման արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-ից 15 տարի ժամկետով։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ հանցագործությունն իրականացվել է առանց հատուկ ծանրացուցիչ հանգամանքների։

Սպանության ծանրացուցիչ հանգամանքները

  • Օրենսդիրը առանձնացրել է մի շարք դեպքեր, որոնք առավել վտանգավոր են թե՛ հասարակության, թե՛ իրավակարգի համար։ Այդ դեպքերում պատիժը նշանակվում է շատ ավելի խիստ՝ 14-ից 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։

Այդպիսի հանգամանքներն են

  • անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
  • հղի կնոջ,
  • անօգնական վիճակում գտնվողի,
  • ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի,
  • անչափահասի,
  • առանձին դաժանությամբ,
  • այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով,
  • մի խումբ անձանց կողմից,
  • մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,
  • շահադիտական դրդումներով,
  • պատվերով,
  • խուլիգանական դրդումներով,
  • այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
  • ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,
  • ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կամ
  • հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով

Ինչու՞ է օրենսդիրը սահմանում խիստ պատիժ

Սպանությունը ոչ միայն խախտում է մեկ մարդու կյանքի իրավունքը, այլև հարված է հասցնում հասարակական անվտանգությանը, պետության սահմանադրական արժեքներին և ողջ հասարակության բարոյական հիմքերին։ Հատկապես ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունը վտանգում է իրավական պետության կայունությունը, այդ իսկ պատճառով պատիժը հասնում է մինչև ցմահ ազատազրկում։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել