Որքա՞ն եկամուտ է ունեցել Հայաստանի գլխավոր դատախազը 2013 թվականին

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եկամուտները 2013 թվականին ընդհանուր կազմել են 89.491.912 դրամ: Նա հարկային տարվա սկզբում ունեցել է 23.000.000 դրամ, իսկ հարկային տարվա վերջում`80.000.000 դրամ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:

Ըստ նույն աղբյուրի`նրա դրամական միջոցները գոյացել են անշարժ գույքերի վաճառքից: Մասնավորապես` Գևորգ Կոստանյանը 2013 թվականի ընթացքում վաճառել է երկու բնակարան`48.000.000 դրամով և 34.425. 000 դրամով` ձեռք բերելով 22.000.000 դրամ արժեքով մեկ բնակարան: Գլխավոր դատախազը 2013 թվականի ընթացքում վաճառել է նաև մեկ ավտոտնակ 2.835.000 դրամով:

Որպես աշխատանքի վարձատրություն Գևորգ Կոստանյանը հայտարարագրել է 2.625.077 դրամ և 1.606.835 դրամ:
Ըստ հայտարարագրի` Հայաստանի գլխավոր դատախազն արժեթղթեր, հարկային տարում հանձնված կամ վերադարձված փոխառություններ, ձեռքբերված թանկարժեք գույք չունի:

Նշենք, որ օրերս Կառավարության նիստի հետո լրագրողները հետաքրքրվել էին Գևորգ Կոստանյանից, թե արդյոք տեսել է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի առանձնատան նկարները: Նրա խոսքով՝ այդ լուսանկարներն իր վրա բացասական տպավորություն են թողել:

Իսկ թե կցանկանար նման շքեղ առանձնատուն ունենալ, թե՝ ոչ, ասել էր. «Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են»:

 

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ