Դատարանը հրապարակեց Սոնա Մնացականյանի վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը․ ավտոշարասյան վարորդը մեղավոր ճանաչվեց

Երևանի քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 30-ին, 2022 թվականին Պարոնյան փողոցում հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտ է կայացրել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։

Դատարանը պատժաչափը որոշելու համար լրացուցիչ դատական նիստ նշանակեց։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջը՝ Արարատի մարզի 28-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանին, որի հետեւանքով վերջինս մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սոնա Մնացականյանի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասալանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ դատարանի վճռով հաստատվեց Արամ Նավասարդյանի մեղավորությունը։

«Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը, բնականաբար, գոհ է այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է պատժի հարցին»,-ասաց Ասլանյանը։

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանության կողմը նույնիսկ հայտնել է, թե Սոնա Մնացականյանը գուցե քաղաքական հայցաքներով պայմանավորված դիտավորյալ չի զիջել և դիտավորյալ հատել է ճանապարհը․ «Սա արդեն իրավունքի տիրույթում չի տեղավորվում որքան էլ ազատ պաշտպանվելու հնարավորություն ունի կողմը»։

Անդրադառնալով մեքենայի մեջ առկա ռադիոկապի ձայնագրությանը՝ փաստաբանը նշեց․ «Ես մտածում եմ, որ ռադիոկապի ձայնագրությունը ոչ թե ոչնչացվել է, այլ դիտավորյալ կերպով պահվում է։ Պաշտպանն ակնարկում է՝ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ, այսինքն՝ մարդուն գուցե ասել են արագացրու, տպավորություն է՝ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել շարասյան ղեկավար կազմում, եթե այդպես է, ապա Արամ Նավասարդյանը թող դրա մասին ցուցմունք տա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել