«ՃՈ-ն ինձ անհիմն էր տուգանել». ՃՈ-ն կարճեց վարչական իրավախախտման վերաբերյալ գործը

«ՃՈ-ն ինձ անհիմն էր տուգանել: Հազար տարվա վարորդ եմ: Ես գիտեմ, թե որտեղ ա կարելի կանգնել, որտեղ չէ: Կանգառը ստիպված եմ կատարել: Մեքենաս փչացել էր: Սպասում էի մինչև օգնության կգան»,- պատմում է 70-ամյա Ռոբերտ Պողոսյանը:

Քանի որ քաղաքացին աշխատում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում, օգնության են հասել հենց ՀԿ-ի աշխատակիցները: Հրելով մեքենան տեղափոխել են Պուշկին-Նալբանդյան-Վարդանանց փողոցների հատման կետը, որտեղից էլ համապատասխան օգնության միջոցով՝ տեխնիկական սպասարկման կետ:

«Գնացի ՃՈ դիմում գրեցի, ասեցի ոնց ա եղել: Մի որոշ ժամանակ հետո պատասխան ստացա, որ իմ դիմումը բավարարվել ա»,- ասաց մեր զրուցակիցը:

Տեղի ունեցած դեպքի մասին ՃՈ-ում բացատրություններ են տվել նաև ՀԿ-ի աշխատակիցներ Ա. Ղարագյոզյանը և Զ. Ւսկանդարյանը, ովքեր մեքենան Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկից հրել են՝ հասցնելով Պուշկին-Նալբանդյան փողոցների խաչմերուկի լայն հատվածը:

ՃՈ-ի կայացրած որոշման մեջ մասնավորապես նշվում է.
«Ճանապարհային ոստիկանության կայացրած որոշման հիմքում դրված տեսանյութը փաստում է, որ դիմումատուին պատկանող մեքենան 2013 թվականի դեկտեմբերի 9-ին կանգառ է կատարել Պուշկին-Նալբանդյան-Վարդանանց փողոցների խաչմերուկի հատվածում միացրած լուսային ազդանշաններով, սակայն տեսանյութի տևողությունը թույլ չի տալիս հաստատելու համ հերքելու դիմումատուի կամ վկաների պնդումները»:

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով Ճանապարհային ոստիկանությունը բեկանել է սեփական որոշումը և կարճել վարչական իրավախախտման վերաբերյալ գործը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել