ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնել են «լիարժեք և ամբողջական հրադադարի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա Truth Social հարթակում գրել է, որ առաջիկա ժամերին երկու երկրները կավարտեն ընթացքի մեջ գտնվող իրենց վերջին առաքելությունները, և տասներկուժամյա հրադադար կլինի, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։
«Պաշտոնապես Իրանը կսկսի հրադադարը, իսկ 12-րդ ժամին Իսրայելը կսկսի հրադադարը, և 24-րդ ժամին աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր հրադադարի ընթացքում մյուս կողմը կմնա խաղաղ և հարգալից։ Ենթադրելով, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է, և այդպես էլ կլինի, ես կցանկանայի շնորհավորել երկու երկրներին էլ՝ Իսրայելին և Իրանին, տոկունության, քաջության և խելքի համար, որոնք անհրաժեշտ էին՝ ավարտելու այն, ինչը պետք է կոչվի «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք էլ չի ունենա», – գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփ նաև հայտարարել է, որ երկու երկրները գրեթե միաժամանակ են դիմել իրեն խաղաղության հաստատման համար և երկուսն էլ «կտեսնեն մեծ սեր, խաղաղություն և բարգավաճում»։
«Աշխարհը և Մերձավոր Արևելքը իրական հաղթողներն են։ Երկու երկրներն էլ իրենց ապագայում կտեսնեն հսկայական սեր, խաղաղություն և բարգավաճում։ Նրանք շատ բան ունեն շահելու, բայց նաև շատ բան՝ կորցնելու, եթե շեղվեն արդարության և ճշմարտության ճանապարհից։ Իսրայելի և Իրանի ապագան անսահման է և լի է մեծ խոստումներով», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թրամփն ազդարարել էր Մերձավոր Արևելքում մոտալուտ խաղաղության մասին՝ գրելով. «Շնորհավորում եմ, աշխարհ, եկել է խաղաղության ժամանակը»։