«Ձեռքներդ հեռու մեր գրպաններից», «էլ գումար չունենք ձեզ տալու» և նմանատիպ այլ պաստառներով «Դ!եմ եմ» նախաձեռնությունն անցկացրեց իրավունքի նվաճման երթը: Նախ ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց նախաձեռնող խմբի անդամները կոչ արեցին նախարարությանը չստիպել աշխատակիցներին ընտրել ֆոնդի կառավարիչ ու չպահել աշխատակիցներից պարտադիր կուտակայինի համար վճար:
Այնուհետև նախարարության շենքի մուտքի մոտ առաջանալու համար հակասություն առաջացավ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամների և ոստիկանության ներկայացուցիչների միջև:
«Միացեք, միացեք»,- բղավում էին ակցիայի մասնակիցները` նախարարության աշխատակիցների համար:
Երթի մասնակիցները ՀՀ կրթության և գիտության նախարարության մոտից շարժվեցին ՀՀ ֆինանսների նախարարություն, Կառավարություն, ապա Պետական եկամուտների կոմիտե և Երևանի քաղաքապետարան:
«Դ!եմ եմ» նախաձեռնությունը երթի միջոցով կոչ է անում բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել:
Երթի ողջ ընթացում քաղաքացիներին ուղեկցում էին բազմաթիվ ոստիկաններ: Այնտեղ էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
ՊԵԿ-ի մոտ փոքր ընդհարում տեղի ունեցավ երթին մասնակցող քաղաքացիների և ոստիկանների միջև: Երթի մասնակիցները կարողացան ճեղքել ոստիկանների դիմադրությունն ու անցնել ՊԵԿ-ի շենքի մուտքի մոտ:
«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները պնդեցին, որ սկսելու են մարզերում իրազեկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մասին և պայքարին նոր թափ հաղորդել: