Ի՞նչ է պահանջում դատախազությունը Գագիկ Ղազինյանից և նրա ընտանիքի անդամներից․ միլիոնավոր դրամներ, բնակելի տներ, իրավաբանական անձանցում մասնակցություն

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան,  ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի և նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին դատական նիստը։

Այս գործով հայցվորի ներկայացուցիչը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արևիկ Ավոյան է, իսկ գործով որպես պատասխանողների ներկայացուցիչներ ներգրավվեցին փաստաբաններ Արսեն Հովհաննիսյանն ու Գևորգ Վիրաբյանը։ Նրանք իրենց մասով դեմ էին նիստի տեսանկարահանմանը։

Փաստաբան Արսեն Հովհաննիսյանը նիստի սկզբում միջնորդությամբ հանդես եկավ, որը վերաբերում էր գործի քննությունը կարճաժամկետ հետաձգելուն։  Հայցվորի ներկայացուցիչն առարկեց՝ հայտնելով, որ նիստին պետք է ներկայացվի հայցի հիմքն ու առարկան, դա հետաձգման համար խոչընդոտ չի ներկայացնում։ Դատարանը միջնորդությունը մերժեց, նիստը շարունակվեց։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատախազ Արևիկ Ավոյանը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան։

Նա նշեց՝ 2021 թվականին դատախազություն են ստացվել օպերատիվ տվյալներ Գագիկ Ղազինյանի գույքերի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության վերաբերյալ, և պարզվել է, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան, 2013 թ․ սեպտեմբերի 12-ից ՀՀ ԱԺ կողմից Արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական ընտրված Գագիկ Ղազինյանին և ընտանիքի անդամներին պատկանում է մեծաքանակ անշարժ և շարժական գույք, առկա են փոխկապակցված իրավաբանական անձինք։

2021 թվականի դեկտեմբերի 1-ին որոշում է կայացվել Գագիկ Ղազինյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու մասին, որպես ուսումնասիրվող ժամանակահատված է սահմանվել 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը, հետագայում 2024 թվականին որոշում է կայացվել ուսումնասիրության նոր ժամկետ սահմանելու վերաբերյալ՝ ներառելով 1997 թվականի հունվարից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը։

2024 թվականին դատարան է ներկայացվել դիմում՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին, որը բավարարվել է։ Արգելվել է որդուն՝ Դավիթ Ղազինյանին տնօրինել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում և Երևանում գտնվող անշարժ գույքը։ Բացի այդ, 259 միլիոն 916 հազար 929 դրամի չափով արգելանք է դրվել Գագիկ Ղազինյանի և Կարինե Շահբազյանի (կին) գույքերի վրա։

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս, ինչպես նաև Գագիկ Ղազինյանի հետ առաջին աստիճանի փոխկապակցվածության հարաբերություններում գտնվող որդիները, նրա եղբայրը, ձեռք են բերել մի շարք անշարժ և շարժական գույքեր, իրավաբանական անձանցում մասնակցություններ, որոնք չեն հիմնավորվել վերջիններիս օրինական եկամուտներով։ Հաշվի առնելով այն, որ նրան փոխկապակցված անձինք չեն ունեցել այդքան եկամուտներ գույքի ձեռքբերման և ծախսերի կատարման համար, գույքերի իրական շահառու է դիտվել Գագիկ Ղազինյանը»,-ասաց դատախազը։

Ըստ ներկայացված հայցի՝ բռնագանձման են ենթակա օրենքի իմաստով Գագիկ Ղազինյանին պատկանող և ապօրինի ծագում ունեցող հետևյալ գույքերը՝

  • Դավիթ Ղազինյանի անվամբ հաշվառված Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Արտաշավան, Երևան-Ապարան մայրուղու երկրորդ փակուղի 4 հասցեի անշարժ գույքի 48,1 %-ը, որի 100 %-ի շուկայական արժեքը կազմում է 118 միլիոն 710 հազար դրամից մինչև 145 միլիոն 89 հազար դրամ, ապօրինի մասի միջին շուկայական արժեքը՝ 63 միլիոն 379 հազար դրամ։

Համաձայն փորձագետի եզրակացության՝ 2008 թվականի հունիսից մինչև 2010 թվականի հուլիս ամիսը 454, 8 քառ․ մ․ բնակելի տան և 31,9 մակերեսով պարսպի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքների արժեքը կարող է կազմել 81 միլիոն 250 հազարից 99 միլիոն 200 հազար դրամ։

Նշվեց, որ 2020 թվականի հուլիսի 30-ին Արագածոտնի մարզի նշված բնակելի տունը Գագիկ Ղազինյանը նվիրել է որդուն՝ Դավիթ Ղազինյանին, և այդ գույքը շարունակվում է դիտվել որպես Գագիկ Ղազինյանին պատկանող։

  • Դավիթ Ղազինյանի անվամբ հաշվառված ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Բաբայան փողոց հասցեի անշարժ գույքի 93,01 մասը, որի շուկայական արժեքը կազմում է 745 միլիոն 740 հազար դրամ, ապօրինի մասի շուկայական արժեքը 770 միլիոն 200 հազար 272 դրամ է։

Ներկայացնելով գույքի ձեռքբերման նախապատմությունը՝ նշվեց, որ 2002 թվականին Լյովա Ղազինյանը՝ Գագիկ Ղազինյանի եղբայրը, Նարինե Թևոսյանից 10 միլիոնով ձեռք է բերել նշված գույքի 0,08 հա հողատարածքը․ «Հաշվի առնելով այն, որ Լյովա Ղազինյանը՝ Գագիկ Ղազինյանի եղբայրը, նրա անունից գործարքներ կնքելիս լիազորագրով հանդես է եկել Գագիկ Ղազինյանի որդին՝ Դավիթ Ղազինյանը, և նշված հասցեում առկա առանձնատունը նվիրատվության հիմքով հետագայում փոխանցել է Գագիկ Ղազինյանի կնոջը, այնուհետև որդուն, օրենքի իմաստով այս հողամասը և հողամասում կատարված բարելավումների իրական շահառու է դիտվել Գագիկ Ղազինյանը։

Փաստաբաններ Արսեն Հովհաննիսյան, Գևորգ Վիրաբյան

Լյովա Ղազինյանի և կնոջ՝ Մարի Թումիկյանի եկամուտները բավականացրել են միայն իրենց նվազագույն  սպառողական զամբյուղին ուղղված ծախսերը կատարելու համար, ու այլ դրամական միջոցներ չեն ունեցել, Գագիկ Ղազինյանը ևս օրինական եկամուտներ չի ունեցել 0,08 հա հողատարածքը ձեռք բերելու համար»։

Ըստ փորձագետի եզրակացության՝ բնակելի տան շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 74 միլիոն 910 հազար դրամից մինչև 91 միլիոն 560 հազար դրամ։

Իրավասու մարմինը համամասնություն է կիրառել յուրաքանչյուր տարիների համար, պարզել, որ բնակելի տան շինարարության համար սպառվել է 19 միլիոն 28 հազար դրամ, որից 18 միլիոնը չի հիմնավորվել Ղազինյանի օրինական եկամուտներով։

Հայցվորի ներկայացուցիչը հայտնեց՝ 2002 թվականին Դավիթ Ղազինյանը նշված հողամասը նվիրել է Լյովա Ղազինյանի կնոջը՝ Մարի Թումիկյանին, վերջինիս տրվել է շինթույլտվություն, այն շահագործման է հանձնվել 2005 թվականին, կառուցվել է 536,1 քառ․մետր չափսերով բնակելի տուն։

Նույն թվականին Թումիկյանի անվամբ 10 միլիոն դրամով ձեռք է բերվել Բաբայան-Ուլնեցի փողոցների հատման վայրում գտնվող 0,064 հա հողամաս։ Հայցվորի ներկայացուցչի խոսքով՝ բնակելի տան կառուցման ընդհանուր միջինացված արժեքը կազմել է 83 միլիոն 235 հազար դրամից մինչև 76 միլիոն 39 հազար դրամ, դրանից չի հիմնավորվել Գագիկ Ղազինյանի օրինական եկամուտներով պատկանելը, տվյալ բնակելի տան 91,4 տոկոսը ապօրինի է դիտարկվել։

  • Միաժամանակ պահանջվում է 206 միլիոն 297 հազար 984 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և 52 միլիոն 775 հազար 679 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 1997-ից 2024 թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։

Ամփոփելով խոսքը՝ դատախազը խնդրեց որոշում կայացնել Գագիկ Ղազինյանից և Կարինե Շահբազյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ ՀՀ-ի բռնագանձել

  1. 206 միլիոն 297 հազար 984 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և 52 միլիոն 775 հազար 679 դրամ, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 1997-ից 2024 թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
  2. Դավիթ Ղազինյանից օրենքի իմաստով Գագիկ Ղազինյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի անշարժ գույքը, անհնարինության դեպքում Գագիկ Ղազինյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 131 միլիոն 899 հազար 500 դրամ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Բաբայան փողոցի անշարժ գույքը, անհնարինության դեպքում Գագիկ Ղազինյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 828 միլիոն 600 հազար դրամ։

Փաստաբան Արսեն Հովհաննիսյանը հարցրեց՝ ինչն է հիմք հանդիսացել ենթադրելու, որ ԱԱԾ-ից ստացված տվյալները օպերատիվ տվյալներ են, հայցվորի ներկայացուցիչը հղում կատարեց օրենքում առկա օպերատիվ տվյալ հասկացությանը, նշեց՝ այդ տվյալների ստուգման արդյունքում ձևավորվել է ներքին համոզմունք և կասկած, ինչի հիման վրա կայացվել է ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշումը։

Պատասխանողների ներկայացուցիչը կրկին պնդեց՝ առկա տվյալների մեջ չեն տեսնում այն հնարավորությունը, որ դատախազությունը կարող էր ողջամիտ ենթադրություն կատարել՝ նշելով, որ ԱԱԾ-ի կողմից կատարված ուսումնասիրությունը օպերատիվ-հետախուզական միջոցառում է, դատախազն ասաց՝ օրենքով սահմանված են ՕՀՄ իրականացնող մարմինները, ու այդ ցանկում է նաև ԱԱԾ-ն։

Փաստաբանի հարցին, թե իրավասու մարմնին հայտնի է՝ ինչպիսի օպերատիվ միջոցառումներ են իրականացվել, դատախազն ասաց՝ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով իրավասու մարմինը և դատախազը իրավասություն չունեն պարզելու, թե կոնկրետ ինչ միջոցառում է իրականացվել ՕՀՄ կատարող մարմնի կողմից։

Պատասխանողների մյուս ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Վիրաբյանը հայցվորի ներկայացուցչից հետաքրքրվեց՝ արդյոք ԱԱԾ-ի կողմից տրված տեղեկանքով հայտնի չէ, թե ինչ միջոցառումներ են իրականացվել և որն է եղել հիմքը, հայցվորի ներկայացուցիչը կրկին նշեց՝ իրավասու մարմինը ստուգման գործառույթ չունի, ու քանի որ գրությունը տրվել է պետական մարմնից, գործում է օրինականության կանխավարկածը։

Դատարանում հայց հարուցելու հիմքերի, ուսումնասիրության կատարման և այլ հարցերի վերաբերյալ կողմերի միջև հարցուպատասխան տեղի ունեցավ։

Պատասխանողների ներկայացուցիչները հայցվորից խնդրեցին տրամադրել կատարված հաշվարկների աշխատանքային ֆայլը։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 17-ին։

Մարիամ Շահնազարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել