«Ո՞նց կարող ենք մեր զինվորներին մենակ թողնել»․ պատերազմի բովով անցած Անահիտը

2023 թվականին սկիզբ դրվեց կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգին։ Այն այսօր արդեն կյանքի է կոչվել։ Բազմաթիվ կանայք ծառայում են ՀՀ զինված ուժերում։

Նշենք, որ մինչ այս համակարգի գործարկումն էլ շատ կանայք ծառայում էին Զինված ուժերում։ Այս կանանցից մեկն էլ Անահիտ Սնդեյանն է։ Մասնագիտությամբ բուժքույրը 2016 թվականից երազել է ծառայության մասին։ 2019 թվականից ծառայում է։

Անահիտն ասում է՝ սրտից թույլ էր, ծանր հիվանդների տեսնելիս՝ ուշագնացություն է ունեցել։ Սրտից թույլ Անահիտը 2020 թվականին անցել է պատերազմի բովով՝ մարտի դաշտից դուրս բերելով վիրավորների, զոհերի։

«Շատ եմ սիրում համազգեստը։ Արտաքինից նուրբ եմ երևում, բայց շատ ուժեղ մարդ եմ։ Հասարակությունը մի տեսակ է նայում համազգեստով կանանց։ Շատ մարդիկ իրենց տղաներին չթողեցին գնալ մարտի դաշտ, բայց ինձ հետ շատ կանայք են եղել։ Պետք չի տարօրինակ նայել կին զինվորաանին, որովհետև ամեն մեկը շատ կարևոր գործ է անում բանակում։ Ամեն մեկը չի կարող ծառայել, ամեն մեկին բախտ չի վիճակվում։ Խրախուսում եմ, որ աղջիկները գնան բանակ։ Ծառայությունը շատ լավ բան է, կոփվում ես բանակում։ Շատ ճիշտ որոշում է կայացվել, որ կանայք պետք է ծառայեն։ Հակված եմ այն մտքին, որ 18 տարեկանից պարտադիր պետք է գնան ծառայության ու բոլոր կանայք գնան: Կինը շատ կարևոր է բանակում»,-Iravaban.net-ի հետ զրույցում ասում է Անահիտը։

Զինվորականը բազմաթիվ կյանքեր է փրկել, ասում է՝ չի հաշվել, թե քանի հոգի է իր շնորհիվ ողջ մնացել, բայց շատ զանգեր է ստանում, տղաների ծնողները շնորհակալություն են հայտնում, որ իրենց որդին ողջ է։ 

«Կապ տվեցին, որ քո տղաներից մեկը վիրավոր է, պետք է գնաս, բերես։ Այդ պահին դուրս եկա իմ վարորդի հետ ու այդ պահին «կասետայինը» հարվածեց, չհասցրեցի գնալ վիրավորի մոտ։ Զգում էին՝ ոնց են բեկորները մտնում մարմնիս մեջ։ Գիտեի, որ եթե մեկ անգամ հարվածում է, երկրորդն էլ է հարվածում։ Տեսա մի փոքր պատ, փորձեցի թաքնվել, հասկացա՝ չեմ կարողանում, հասկացա, որ վիրավորումը ոտքերիցս է։ Թեքվեցի, ասացի՝ ինչ լինում է՝ լինի, դեմքս փակեցի, երկրորդ հարվածը ստացա, բայց ողջ էի։ Մեր տղաներից մեկն ինձ հանեց։ Ստեփանակերտում առաջին բուժօգնություն ստացա»,-պատմում է Անահիտը։

Անկախ այն ամենից, ինչի միջով վերջինս անցել է, նշում է, որ իր որդին անպայման պետք է ծառայի ու ասում, որ կցանկանար, որ դուստրն էլ ծառայեր։

Անահիտին պատերազմը չի վախեցրել, կոփել է, այսօր էլ նա շարունակում է ծառայությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել