Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 25-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մասնակցությամբ դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում փաստաբան Արամ Օրբելյանի այն առարկությանը, թե ինչ մեղադրանքի մասին կարող է խոսք լինել, եթե որևէ մեկն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի, նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանն ասաց՝ 2018 թվականի հունիսի 26-ին որոշում է կայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մինչ օրս չի ներկայացվել որևէ այլ փաստարկ, որ այդ դատավարական կարգավիճակը դադարեցվել է։
Շարունակելով Օրբելյանի ներկայացրած առարկությունը, փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց․ «Որպես առարկության հիմք՝ կարելի է նաև հղում տալ մի քանի նիստ առաջ հենց պատվարժան դատարանից արձանագրված դիրքորոշմանը, երբ դիմել էր նախագահ Քոչարյանին՝ ընդգծելով, որ որպես մեղադրյալ չի դիտում, դա հենց դատավոր Սարգիս Պետրոսյանի կողմից հնչեցված հրապարակային արձանագրումն էր»։
Արամ Օրբելյանը նաև հետևյալը հայտնեց դատարանին․ «Միակ որոշումը, որ դատարանը կարող է կայացնել, արձանագրելն է այն, որ ի սկզբանե մեղադրանք չի եղել։ Պարոն Քոչարյանին առաջադրվել է ինչ-որ մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած․ սա ֆունդամենտալ խնդիր է, որ մենք պետք է պատկերացնենք։ Դատարանն ինչ գործողություն պետք է անի, եթե բերել են մեղադրանք, որի մեջ մարդուն մեղադրել են 548-րդ հոդվածով ինչ-որ արարք կատարելու համար․ նման հոդված գոյություն չունի»։
Հանրային մեղադրող, դատախազ Հայկ Հարությունյանն ի պատասխան պաշտպանական կողմի՝ ասաց, որ այս քննարկումների ընթացքում անտեսվել է այն հանգամանքը, որ 2024 թվականին հուլիսի 22-ին ՍԴ որոշումն է կայացվել, դրան հաջորդել է Վճռաբեկ դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը, որով բոլոր հարցերի պատասխանները տրվել են։
«Այսինքն՝ էն հարցի պատասխանը՝ արդյոք կարող է գործի քննությունը շարունակվել, այո՛, կարող է շարունակվել, քանի որ ՍԴ-ի կողմից նորմը հակասահմանադրական ճանաչելը Քրեական օրենսգրքով բացառվող հանգամանք չէ, իրավո՞ւնք ունի այսպիսի պայմաններում մեղադրողը փոխել արարքի իրավական գնահատականը, բնականաբար, ունի, հետևաբար բոլոր հարցերի պատասխանները կան։
Յուրաքանչյուր անգամ այս հարցի բարձրացումը պարզապես սույն վարույթի անօրինականության պատրանք ստեղծելու միտում և նպատակ է հետապնդում»,-նշեց նա։
Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի կողմից բարձրացված այն հարցին, թե ինչպես է կողմին դատարանը դիմում․ «Դուք առիթ չեք ունեցել իմ նախագահությամբ դատական նիստերին մասնակցելու, ուղղակի սովորություն ունեմ, որ անուն, ազգանունով եմ դիմում, մեղադրյալ տերմինը հազվադեպ եմ օգտագործում, եթե մասնակցած լինեիք, այդ կասկածները Ձեզ մոտ փարատված կլինեին»։
Դատական նիստի ընթացքում, երբ քննարկվեց մեղադրյալի կարգավիճակ ունենալ-չունենալու հարցը, Ռոբերտ Քոչարյանը հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ․ «Ես ուղղակի ստիպված պետք է հիշեցնեմ դատարանին, որ նույնիսկ այն ժամանակ ասացիք՝ եթե չփոխի իր որակումը, ես ընդհանրապես կա՛մ պիտի գնամ, կա՛մ պիտի նստեմ, Դուք ասացիք՝ հա, Ձեր իրավունքն է, ես տեղափոխվեցի և նստեցի դահլիճի վերջում։ Կառաջարկեի ուղղակի, որ տպավորություն չստեղծվի ժողովրդական լեզվով ասված «կռուտիների», ուղղակի լսենք այդ հատվածը, որը ձայնագրված է»։
Դատարանը Քոչարյանին նախազգուշացում տվեց՝ հայտնելով, որ դատավարության ընթացքում չի կարելի այնպիսի տերմին օգտագործել, որով վիրավորանք կհասցվի դատավարության մասնակցին, այդ թվում՝ դատարանին։
«Դուք պետք է օգտագործեք այդ բառի հայերեն համարժեքը։ Դատարանը Ձեզ այս ընթացքում դիմել է Ռոբերտ Քոչարյանով և մեղադրյալ Քոչարյանով»,-ասաց դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Այս նիստին քննարկվեց նաև մեղադրյալ Արմեն Գևորգյանի՝ ՀՀ սահմանները հատելու հարցը։
Սեյրան Օհանյանին առաջադրված նոր մեղադրանքի վերաբերյալ վերջինիս պաշտպանը նախքան դիրքորոշում հայտնելը նշեց, որ Օհանյանը հաշվառված է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում, միջնորդության մեջ սխալ տվյալներ են նշվել։
«Հանրահայն փաստ է, որ Սեյրան Օհանյանը ԱԺ պատգամավոր է, «Հայաստան» խմբակցության ղեկավար, հանրային մեղադրողները վերջինիս պատգամավոր լինելու հանրահայտ փաստը թաքցնում են։ Այսինքն՝ ես պետք է հիմա ապացուցեմ, որ Սեյրան Օհանյանը ԱԺ պատգամավոր է»,-ասաց պաշտպանը՝ ներկայացնելով Սեյրան Օհանյանի՝ ԱԺ պատգամավոր լինելու մասին տվյալները։
Հարցի քննարկման ընթացքում նախագահող դատավորը փաստաբաններ Արամ Օրբելյանի և Արամ Վարդևանյանի վրա բարկացավ, հարցրեց՝ ինչի վրա են ծիծաղում, հրճվում։
Օրբելյան պատասխանեց․ «Դատախազության անտեղյակության վրա, որ պարոն Օհանյանի՝ ԱԺ պատգամավոր լինելու հանգամանքի մասին տեղյակ չի եղել և արձանագրել է՝ ինքը թոշակառու է, փոխանակ արձանագրի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր է, խմբակցության ղեկավար, դրա վրա ժպտում եմ, իրավունք չունե՞մ ժպտալու»։
– Ռոբերտ Քոչարյան, ոտքի՛ կանգնեք, էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում։ Դատարանը Ձեզ նկատողություն է հայտարարում՝ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար։
– Ադեկվատության խնդիր եմ այստեղ տեսնում։ Չշարժվել, չշնչել, չծիծաղել, չժպտալ, էլ ի՞նչ չանենք․ ես առաջարկում եմ՝ հաջորդ նիստին մենք բոլորս դիմակներով գանք, ես լուրջ կոմպլեքսների խնդիր եմ տեսնում։
– Արձանագրվեց Ձեր դիտարկումը, նստե՛ք։
Կարեն Մեժլումյանը շարունակեց ներկայացնել իր միջնորդությունը, ասաց՝ Սեյրան Օհանյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասով վերագրված արարքի իրավական գնահատական չի կարող փոխվել:
Սեյրան Օհանյանը քննարկվող հարցի շրջանակներում հետևյալ դիրքորոշմամբ հանդես եկավ․ «Կարծում եմ՝ որոշակի առումով այստեղ խախտվում է դատարանի անկախության և անաչառության խնդիրը, որովհետև քիչ առաջ, երբ նշեցի ընդհատելը, բարձր տոնով խոսելը դատավարության այս կամ այն կողմի նկատմամբ, խոսում է նրա մասին, որ նախատրամադրվածություն գոյություն ունի, խորհուրդ կտայի՝ մենք մեր մեջ վստահ լինենք, որ դատարանն այս խնդրով անաչառություն է դրսևորում, որպեսզի համապատասխան մթնոլորտ լինի, յուրաքանչյուր կողմ կարողանա հանգիստ կերպով իր տեսակետը, միջնորդությունները ներկայացնի»։
Օհանյանն ասաց՝ անձեռնմխելիությունն իր համար ինքնանպատակ չէ, քանի որ գործել են պետության համար, դրան զուգահեռ նա նշեց՝ միջնորդությամբ իր պաշտոնը սխալ է նշվել, քանի որ նախկինում զբաղեցրել է Գլխավոր շտաբի պետ-ՊՆ նախարար, նախարարի առաջին տեղակալ, ինչը կարևոր նշանակություն ունի գործի համար։
Այս նիստին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքների վերաբերյալ դիրքորոշմամբ հանդես եկավ վերջինիս պաշտպան Արամ Վարդևանյանը, իսկ մյուս պաշտպան Արամ Օրբելյանն իր դիրքորոշումը կհայտնի մյուս նիստին՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։
Դատարանն անդրադարձավ մեղադրյալ Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությանը։ Վերջինս հրապարակեց ԵԽԽՎ նախագահի նամակի բովանդակությունը։ Դատարանին խնդրեց թույլ տալ մարտի 5-8-ը բացակայել ՀՀ-ից՝ ԵԽԽՎ հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը բավարարել։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան
Լուսանկարները՝ Հասմիկ Սարգսյանի