Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել, որով Երևանի դպրոցներից մեկի տնօրեն է նշանակվել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Նելլի Ղազարյանը 2024-ի մարտից նշված դպրոցի տնօրենի պաշտոնակատարն էր։
Հիշեցնենք՝ Նվարդ Հովսեփյանը 2024-ի մարտի 26-ին ազատվեց Երևանի Ն.Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Նրան ազատելու պահանջով աշակերտները դասադուլ էին կազմակերպել, ծնողներն էլ ստորագրահավաք էին սկսել, իրավիճակը լարված էր։ Դպրոցի հետ կապված դեպքերով երկու քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնք միացվել են և քննվում են մեկ վարույթում։
Լուրեր էին տարածվել, որ դպրոցում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, տնօրենը յուրացրել է խմբակների համար հատկացված գումարները և փոխտնօրեններից պահանջել այնպես անել, որ աշակերտներն ու ծնողները չխոսեն չկայացած պարապմունքների մասին։ Դպրոցի երեք փոխտնօրենները ազատման դիմում էին գրել։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 39-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հունվարի 17-ի N 177 արձանագրությունը, 2025 թվականի փետրվարի 7-ի հ. 5711-25 գրությունը՝
1. Նելլի Վաչագանի Ղազարյանին՝ 2025 թվականի փետրվարի 11-ից նշանակել «Երևանի Ն. Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում, կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով՝ 2025 թվականի փետրվարի 11-ից մինչև 2030 թվականի փետրվարի 11-ը ներառյալ՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
2. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի»,-նշվում է քաղաքապետի որոշման մեջ: