«Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 ինքնաթիռի վթարի վայրում՝ Ակտաուի մոտ, հայտնաբերվել է երկրորդ «սև արկղը»։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ այս մասին ճեպազրույցում խոսել է Մանգիստաու շրջանի տրանսպորտի դատախազ Աբիլայբեկ Օրդաբաևը։
Դատախազը հավելել է, որ քննչական մարմինները հարցաքննում են տուժածներին, ցամաքային ծառայության աշխատակիցներին, ինչպես նաև փորձում են գտնել աղետի ականատեսներին։
Քննիչներն արդեն առգրավել են ռադիոկայանի խոսակցությունների ձայնագրությունները։
«Դեպքի վայրի զննությունը գրեթե ավարտված է: Ապահովված է այս տարածքի, բոլոր առարկաների և իրեղեն ապացույցների պաշտպանությունը»,- մանրամասնել է Օրդաբաևը։