Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, շարունակվում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին որպես վկա հարցաքննվեց Արծրունի Հարությունյանը։
Վկան հայտնեց, որ հանդիսանում է Արշավիր Սարգսյանի հորեբոր թոռը, նաև Սարգսյանն իր որդու կնքահայրն է, վերջինս հաճախ է խնդրել, որպեսզի տարբերի խնդիրների լուծման համար օգնի։
Հայտնեց, որ Ճակատեն գյուղում է ապրել, աշխատել է կոլտնտեսությունում՝ որպես ավագ գյուղտեխնիկ, մարզպետարանում, 2012-2014 թթ․ եղել համայնքապետ։ Դատախազ Կորյուն Սերոբյանի հարցին՝ համայնքում Արշավիր Սարգսյանը որևէ գործունեություն ծավալել է, թե ոչ, վկան ասաց՝ մատուռ է սարքել, Քաջարանի կոմբինատի հետ համագործակցություն է եղել, անվադողեր են մատակարարել, խնդրել է, որպեսզի համապատասխան թղթերը ստուգեն, ուղարկեն իրեն, դա տեղի է ունեցել 2-3 ամիսը մեկ։ Նա չհիշեց, թե Սարգսյանի այդ գործունեությունը ինչքան ժամանակ է տևել։
– Արշավիր Սարգսյանի հետ երբևէ խոսե՞լ եք՝ այս բինզեսգործունեությունը միայնակ է իրականացնում, թե՞ այլ անձի հետ։
– Էդ հարցը ինձ չի հետաքրքրել, ես խի փորփրեմ, ինձ չի հետաքրքրել, ոչ մի անգամ տենց հարց չեմ տվել։
– Իսկ անվադողերը ասո՞ւմ էր՝ որտեղից ա բերում։
– Չէ, էլի հետաքրքիր չէր՝ որտեղից ա բերում, խի ա բերում, ինձ խնդրում էր, որ էս ինչ տեղը փաստաթուղթ կա, բարձրացրու Քաջարան, էդ էլ մի 3-4 անգամ, ոչ ավել․ նմանատիպ հարցեր չեմ տվել։
– Երբևէ տվյալներ ունեցե՞լ եք Աղվան Հովսեփյանի և Արշավիր Սարգսյանի մտերմության մասին։
– Չէ, ես գիտեի, լսել էի, որ իրանք շատ մոտ մարդիկ, թե ինչ են անում, խի են մոտ, ինչի են մոտ, չեմ հետաքրքրվել։
– Իսկ հնարավո՞ր ա, որ հետաքրքրված լինեք, բայց ժամանակ ա անցել ու չեք հիշում։
– Չէ, չեմ հետաքրքրվել։
Դատախազի մյուս հարցրերին ևս վկան դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ չի հիշում, երկար ժամանակ է անցել այդ ամենից։ Միջնորդեց վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակել՝ առկա հակասությունների պայմաններում։
Իր ցուցմունքում հայտնել էր, որ տեղյակ է եղել Սարգսյանի ու Հովսեփյանի մտերմության մասին, տեղյակ է եղել նաև, որ Աղվան Հովսեփյանը կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի միջոցով է քայլեր ձեռնարկել, որպեսզի անվադողերը վերցվի Արշավիր Սարգսյանից։
«Այդ բիզնեսը Արշոն կարողանում էր անել, քանի որ Աղվան Հովսեփյանի հետ մտերիմներ, ընկերներ էին հանդիսանում, ու եթե Աղվան Հովսեփյանի ազդեցությունը, միջամտությունը, հեռախոսազանգերը չլինեին, Արշոն չէր կարող այս բիզնեսը իրականացրել, թե Արշոն այս բիզնեսից ստացված ինչքան գումարներ է տվել Հովսեփյանին, ես տեղեկություններ չունեմ»,-հայտնել է վկան։
Վկան հրապարակվածի վերաբերյալ մեկ անգամ ևս պնդեց, որ ինչ հիշել, դա է հայտնել, իրեն չի հետաքրքրել՝ Արշավիր Սարգսյանի և Աղվան Հովսեփյանի միջև տեղի ունեցածը, այնտեղ «մի քանի բան ավելորդ է գրված»։
Հանրային մեղադրողի հարցին, թե ինչով է պայմանավորված այս հակասությունը, վկան պատասխանեց, «Ես ինչ գիտեմ, ինչ տեսել, լսել եմ էն էլ ասեցի, սահմանի վրա ապրող մարդ, էս պահին վեր եմ կացել, եկել ստեղ, ինչի՞ համար, ես էլ չգիտեմ, տունս 50 մետրի վրայա, դրա մասին մտածեք, թուրքը շրջապատած գյուղը, չենք կարում ազատ շնչենք, հիմի եկել ենք ստեղ ինձ նեղում»։
Պաշտպանության կողմից հնչեցված հարցին, թե տեղյակ է եղել՝ քննիչը որտեղից է իմացել իր մասին, երբ կանչել է հարցաքննության, վկան ասաց․ «Կարող ա ջղայնացած եմ եղել, չեմ հասկացել, միամիտի նման ստորագրել եմ։ Ինձ ամենահուզող հարցը էն ա՝ իմ անունը ով ա քցել էս պատմությունների մեջ, ոչ մի բանից էլ տեղյակ չեմ, որ տեղյակ լինեմ, մինչև ստեղ հերը կանիծեմ»։
Նախագահող դատավորտ վկային նախազգուշացրեց վերջին արտահայտության հետ կապված՝ նշելով, որ դատարանում այդպիսի բառապաշարով չպետք է խոսել։
Վկայի հարցաքննությունից հետո մեղադրյալ Աղվան Հովսեփյանը հայտարարությամբ հանդես եկավ, նշեց հետևյալը․ «Բազում են այն վկաների ցուցմունքները, որոնք դատարանում հայտնեցին՝ իրենց նախաքննության ընթացքում տված ցուցմուքնները սխալ են արձանագրվել․ չկա մի դատական նիստ, որի ժամանակ մենք ունկնդիր չլինենք որևէ վկայի, որն ուղղակիորեն նշել է՝ իր ցուցմունքները սխալ են արձանագրվել։ Ամեն անգամ հարգելի դատախազը ակնահայտորեն կառչում է նախաքննության ցուցմունքներից, մի անգամ չի փորձել պարզի՝ ինչու է այդպես գրվել»։
Այս պահին գործով մյուս վկաների հարցաքննությունը շարունակվում է։