ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի համար՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը Աստանայում մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն: Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չի ներառել Ղարաբաղը իր պետական տարածք: Ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում՝ իրավական առումով Հայասատնի հետ ուղիղ կապ չունի»,- ասել է Պուտինը:
Պուտինի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի ներկայիս վերաբերմունքը թելադրված է «ներքաղաքական խնդիրներով և Ղարաբաղի թեմայով»: Պուտինը նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և աջակցում է կազմակերպության գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին։ ՌԴ նախագահը հնարավոր է համարել, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի: