Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը AzTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է COP29-ին Հայաստանի և Ֆրանսիայի չմասնակցելուն։
Նա նշել է, որ Ադրբեջանը հրավերներ է ուղարկել Կոնվենցիայի մասնակից բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին և Ֆրանսիային։
«Մենք ևս մեկ անգամ համոզվել ենք, որ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի վրա։ COP29-ին գրանցվել է ավելի քան 75 հազար մասնակից։ Ուստի Հայաստանի մասնակցելը կամ չմասնակցելը մեզ վրա որևէ կերպ չի ազդում։ Մենք հավատում էինք, որ Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող է օգտակար հնարավորություն հանդիսանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության համար, ներառյալ՝ համատեղ քննարկումները այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը։ Հայաստանի պետական կառույցների մասնակցությամբ ու աջակցությամբ կեղտոտ քարոզչություն է իրականացվում Ադրբեջանի դեմ։ Սա է այս երկրի դիրքորոշումը։ Մենք հավատում էինք, որ միանալով COP29-ին, Հայաստանը կնպաստի տարածաշրջանային մակարդակում վստահության և երկխոսության ձևավորման գործընթացին: Սակայն Հայաստանը հակառակ դիրքորոշումն է որդեգրել»,-նշել է նա։