Ուկրաինացի զինվորականները ռազմական բախման մեջ են մտել առաջին հյուսիսկորեացի զինվորականի հետ, որոնք ժամանել են Ռուսաստանի Կուրսկի շրջան՝ մասնակցելու ռուս-ուկրաինական պատերազմին։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան աշխատակցին։
Նոյեմբերի 4-ին ԿԺԴՀ-ի զինվորականների հետ բախման մասին առաջինը հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։ Նրա խոսքով՝ հյուսիսկորեացի զինվորականներն արդեն «կրակակի տակ են հայտնվել» Կուրսկի շրջանում։
Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան տեղեկությունը հաստատել է FT-ի հետ զրույցում, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ տրամադրել: Նա կոնկրետ տվյալներ չի ներկայացրել ուկրաինական զինված ուժերի և հյուսիսկորեական զինվորների բախման մասին։ Նա միայն ասել է, որ դա տեղի է ունեցել Կուրսկի շրջանում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ, ըստ ուկրաինական հետախուզության տվյալների, Կուրսկի շրջանում 11 հազար հյուսիսկորեացի զինծառայող կա։ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի տվյալներով, ընդհանուր առմամբ, ԿԺԴՀ-ն պատերազմին մասնակցելու համար Ռուսաստան է ուղարկել մոտ 12 հազար զինվորական, այդ թվում՝ 500 սպա և երեք գեներալ։
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան չեն հաստատել Ուկրաինայի և նրա դաշնակիցների տեղեկությունը։