ԲԴԽ-ն որոշել է Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը չվերանայել

Դավիթ Հարությունյանը դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր գործը վերանայելու պահանջով։ Դիմումը Դատական դեպարտամենտ մուտք էր եղել օգոստոսի 20-ին։ Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 18-ին հրապարակել է որոշում, որով մերժվել է գործի վերանայման պահանջը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»։ 

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան։ Բարձր դատարանն արձանագրել էր, որ դատավորի կողմից վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դավիթ Հարությունյանի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը օգոստոսի 27-ին ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդություն, որը ընդունվել է սեպտեմբերի 3-ին։ Գրավոր ընթացակարգով քննությունը շարունակվել է 17.09.2024 թվականին:

Նշվում է, որ ԲԴԽ-ն սույն քննության շրջանակներում Դիմողի համար ստեղծել է դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման արդյունքում չարտահայտված դիրքորոշումների գրավոր ներկայացման հնարավորություն, որի շրջանակներում սույն քննության ընթացքում Դիմողի կողմից Խորհրդին ներկայացված գրավոր դիրքորոշումները չեն բովանդակում այնպիսի փաստարկներ, որոնք Խորհրդին բավարար հիմք կտային նոր հանգամանքի առկայության հիմքով Օրենսգրքի 157-րդ հոդվածի իմաստով Խորհրդի 03.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը վերանայելու համար:

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել