Սահմանադրական դատարանը հրապարակել է նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումի վերաբերյալ ընդունած որոշումը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանն արձանագրել է, որ դատավորի կողմից վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դավիթ Հարությունյանի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը:
«Այս համատեքստում Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ խնդրո առարկա դատական սանկցիայի կիրառումը բոլոր դեպքերում չպետք է հանգեցնի անձի լսված լինելու իրավունքի չեզոքացման:
․․․Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան կարող է կիրառվել այն պայմաններում, երբ խորհուրդը կգործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող դատավորի լսված լինելու իրավունքն ապահովելու համար»,-նշել է ՍԴ-ն իր որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023 թվականի ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին է ներկայացրել զեկուցագիրը՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ:
Այն հարուցվել է, հունիսի 19-ին վերջինս խորհրդին է ներկայացրել միջնորդություն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում է Դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը, որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը և իր կողմից կայացվող որոշումների օրինականությունը կասկածի տակ դնելուն: Այնինչ, Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների և դատավորների անկախության երաշխավոր- մանը խոչընդոտող, դատական իշխանությունը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում: Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ դատավորի՝ նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում և դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»:
Միջնորդությունը բավարարվել է։
Խորհուրդը, մասնավորապես, նշել է. «(…) հաշվի առնելով Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունն ապահովելու գործառույթը Դատավորի կողմից վերոնշյալ փաստերի վերաբերյալ խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում, ինչով և պայմանավորված Խորհուրդը, հիմք ընդունելով արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:
(…) հաշվի առնելով նկարագրված իրողությունները, այդ թվում՝ դատական իշխանության հեղինակազրկման վտանգը, դատավորի պաշտոնի արժանապատվության պահպանման անհրաժեշտությունը և դատական իշխանության անկախության ու անաչառության հանդեպ հանրության վստահությունը պահպանելու նկատառումներից ելնելով, միաժամանակ կարևորելով հրապարակայնության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, Խորհուրդը սահմանված ժամկետում սույն որոշումը ամբողջ ծավալով հրապարակում է Դատական իշխանության պաշտոնական կայքում»:
Հունիսի 26-ին հրավիրված դատական նիստի ընթացքում խորհուրդը դատավորի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ շարունակելով գործի քննությունն առանց Դավիթ Հարությունյանի և նրա ներկայացուցիչների մասնակցության։
2023 թվականի հուլիսի 3-ի դատական նիստում հրապարակվել է ԲԴԽ որոշումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Խորհրդի գործողությունների օրինաչափությունը Հարությունյանը վիճարկել էր Սահմանադրական դատարանում։
Մանրամասները՝ այստեղ։