Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին․ «Կարեն Անդրեասյանից որևէ այլ, օբյեկտիվ ակնկալիք հնարավոր չէր»

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հուլիսի 3-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։

«Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ 

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,-ներկայացրեց Կարեն Անդրեասյանը։

Դատավոր Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտատարեց, որ առաջին իսկ օրից իր համար անսպասելի ոչինչ չի եղել։ «Կարեն Անդրեասյանից որևէ այլ, օբյեկտիվ ակնկալիք հնարավոր չէր։ Բնականաբար օբյեկտիվ ակնկալիքները կիրացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այլ հարթակներում ու ընթացակարգերով։ Որևէ անսպասելի բան չեղավ»,-ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ նույնիսկ փորձ չի արվել որոշման հրապարակման համար «իմիտացիա» անել, որ որևէ բան օրենքով է արվում։

«Նախ նույնիսկ ներկայացուցիչ չի եղել, կողմ չի եղել դատարանում, էլ ուր մնաց՝ դատավոր։ դատավոր չեն դառնում։ Տեսեք, եթե այստեղ գրված է Բարձրագույն դատական խորհուրդ, սա ուղղակի ցուցանակ է։ Այդ պատմուճանը, որ հագնում են, պատմուճանը հագնելով կամ հրամանագիր ստորագրելով անձը դատավոր չի դառնում»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ եթե անձը դատավոր է աշխատում՝ պետք է մինչև վերջին պահն էլ որպես դատավոր շարունակի աշխատել, իսկ իրավունքների իրացումը, պարտականությունների կատարումը, անկախ նրանից թե ինչ սպառնալիքներ կան, պետք է խոչընդոտ չլինեն։ «Առաջին հերթին պետք է այդպես վարվեր ԲԴԽ-ն։ Պետք է ԲԴԽ-ն դատավորների համար օրինակ ծառայի, բայց հակառակն է լինում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ միջնորդության քննության ժամանակ նախորդ նիստն էլ հարթ ընթացք չունեցավ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել