Ուշադրություն. 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու

Տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի    1-ին մասով սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5000 դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 դրամ) չափով:

2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:

Կոչ ենք անում բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ օրենքով սահմանված կարգով դրանք տիրապետող անձանց՝ սահմանված ժամկետում (նախորդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո 10-օյա ժամկետում) կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: Նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը պետք է ընդունել ոչ թե ԱՊՊԱ կտրոնի վրա փակցված ամսվա վերջին օրը, այլ ԱՊՊԱ պայմանագրում նշված օրը:
Եթե տրանսպորտային միջոցը տևական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից:
 
Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելն անվճար է: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում կարող է դիմել ոչ միայն տրանսպորտային միջոցի սեփականատերը, այլ նաև ցանկացած շահագրգիռ անձ առանց լիազորագրի՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը: Ավելին, նույն շահագրգիռ անձը կարող է միաժամանակ դիմել տարբեր անձանց պատկանող մեկից ավելի տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու համար:
 
Ճանապարհային ոստիկանություն
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել