Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, թե «եթե իրենց երկրի դեմ սադրիչ գործողությունները չդադարեցվեն», ապա Ադրբեջանը իր զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով պատասխան քայլեր կձեռնարկի «ինքնապաշտպանության» նպատակով։
Ադրբեջանի ՊՆ-ն դժգոհություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ կողմից անցկացվող զորավարժություններից, Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումից և Խաղաղության եվրոպական հիմնադրամի Հայաստանին ռազմական օգնության տրամադրումից՝ նշելով, թե դրանք «Հայաստանին ոգեշնչում են սադրանքներ իրականացնել և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստվելու մասին»․
«Մենք նշում ենք, որ նման սադրանքները Հայաստանի կողմից ամենևին էլ առաջին անգամ չեն, դրանք մշտական են։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումը և Եվրոպական Միության կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը խաղաղության եվրոպական հիմնադրամի հովանու ներքո նախնական փուլում տասը միլիոն եվրոյի չափով՝ նպատակ ունի ոգեշնչել օկուպացիոն Հայաստանին նմանատիպ սադրանքներ իրականացնել և ցույց տալ Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստությունը։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա ԱՀ զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համապատասխան պատասխան միջոցներ։
Հայտարարում ենք, որ տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։