«Իմ գնահատմամբ նրանք ավտոմեքենաների բարեխիղճ ձեռք բերողներ չեն հանդիսանում»․ շարունակվում է Տարոն Մարգարյանի և նրա քույրերի գործի քննությունը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում հուլիսի 10-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստում կողմերն անդրադարձան հայցի ու դրանում առկա հաշվարկների վերաբերյալ հարցերին։

Պատասխանող կողմի ներկայացուցչի պնդմամբ՝ հաշվարկում հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու արդյունքում նաև հաշվարկն է փոփոխվել, և՛ սկզբնական հայցը, և՛ նոր փոփոխությունն ամբողջությամբ ուսումնասիրվել է, սակայն որևէ հաշվարկ ի սկզբանե ներկայացված չի եղել։

Նա դատախազ Ռուզաննա Խուդավերդյանին հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ հաշվարկն ինքնին բացակայում է հայցում։

Դատախազն ասաց, որ հաշվարկ ասելով նկատի պետք է ունենալ հայցում առկա տարեկան վերլուծությունները, որոնք կատարվել են հայցին կցված տվյալների հիման վրա։

Փաստաբանը նշեց, որ տեսել է առկա աղյուսակները, սակայն գումարի բռնագանձման հայցերով, եթե տոկոս է նշված գումարի հաշվարկում, Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը խիստ սահամանում է՝ պետք է հստակ նշվի, թե այդ գումարը ինչպես է գոյացել, հաշվարկն ինչպես է կատարվել։

Դատախազը նշեց, որ կատարված հաշվարկից ավելի մանրամասն չի կարող լինել։

«Ներկայացված հայցով խնդրել եք բռնագանձել 100 միլիոն 417 հազար 533 դրամ, սակայն չեք ներկայացրել որևէ հաշվարկ, թե այդ գումարն ինչից է վերջնական գոյացել։ Խնդրել եք, օրինակ, վերջնական բռնագանձել նաև 755 միլիոն 154 հազար 928 դրամ՝ որպես ապօրինի եկամուտի մնացորդ, սակայն այդ մասով ևս չեք ներակայացրել որևէ հաշվարկ»,-ասաց փաստաբանը։

Պատասխանելով փաստաբանի հարցին՝ դատախազն ասաց․ «Հայցի առարկայի մեջ ներառված գումարները ամեն տարվա վերլուծության վերջում երևում են, օրինակ 755 միլիոնը արդեն 2022 թվականի վերջին հաշվարկով աղյուսակով արդեն երևում է, այսինքն՝ դա տարիների արդյունքում կուտակվածն է, որևէ նոր բան տեղի չի ունեցել, որ ես լրացուցիչ հաշվարկ ներկայացնեմ»։

Փաստաբանը նաև փորձեց ճշտել, թե հաշվարկների ուսումնասիրություններն ինչպես են կատարվել, դատախազն ասաց, որ կան ներքին ընթացակարգային կանոններ, ուսումնասիրվում է անձին պատկանող ցանկացած գույք, ինչի արդյունքում էլ որոշվում է՝ որ գույքերն են ապօրինի, որ գույքերն են հիմնավորվում օրինական եկամուտներով։

Փաստաբանը հարցրեց՝ եթե հարկման ենթակա չի եղել տվյալ եկամուտը, ինչպե՞ս է կատարվել ուսումնասիրությունը, Խուդավերդյանը ասաց, որ հիմնականում դրանք կատարվում են պետական մարմիններին գրավոր հարցումներ ուղարկելու միջոցով կամ անձը կարող է ներկայացնել, տեղյակ պահել որոշակի տվյալների մասին։

Տարոն Մարգարյանի քույրերի մասով դատախազը նշեց, որ նրանց հետ կապված, որպես այդպիսին, հաշվարկ չի իրականացվել, նրանցից պահանջվում է հենց նշված 2 ավտոմեքենան, քանի որ դրանք դիտարկվում են որպես Տարոն Մարգարյանին պատկանող գույքեր։

Փաստաբանը հարցրեց, թե կարո՞ղ են համարել, որ նրանք գույքի բարեխիղճ ձեռքբերողներ են, դատախազն ասաց՝ իր գնահատմամբ ոչ, բայց եթե նրանք հանդիսանան բարեխիղճ ձեռքբերողներ, Մարգարյանից բռնագանձման ենթակա կլինի միայն գույքերի շուկայական արժեքները, որևէ այլ պահանջ Տարոն Մարգարյանի քույրերի մասով ներառված չէ։

Նշվեց նաև, որ 2001, 2002, 2003, 2004 թվականներին հաշվարկվել է նվազագույն սպառողական զամբյուղը, քանի որ բանկային տվյալներ չկային և հաշվարկվել են միայն Վիճակագրական կոմիտեից ստացված տվյալները։

Դատախազի խոսքով՝ ուսումնասիրվող նոր ժամանակահատվածը վերաբերում է բռնագանձման ենթակա գույքերին, բայց ուսումնասիորությունը, այսինքն՝ օրինական եկամուտների կամ կատարած գույքային ձեռքբերումների վերլուծությունը իրականացվում է ամբողջ ժամանակահատվածի համար (1991 թվականից սկսած)։

Փաստաբանն ասաց․ «Ճի՞շտ եմ հասկանում՝ Ձեր որոշմամբ դուրս եք եկել այդ ժամկետից և կատարել ուսումնասիրություն այդ որոշումից դուրս»։

Դատախազը պատասխանեց․ «Չեմ հավատում, որ դուրս ենք եկել ժամկետից, քանի որ, նորից եմ կրկնում, ուսումնասիրվող ժամանակահատվածը վերաբերում է բռնագանձման ենթակա գույքերին, իսկ ուսումնասիրությունը կատարվում է ամբողջ ժամանակահատվածի համար։

Այդ մասով անգամ հենց այս քաղաքացիական գործով կան դատական ակտեր հենց վերաքննիչ դատարանի կողմից կայացված»։

Պատասխանողի ներկայացուցիչն ընդգծեց, որ բավականին երկար տարիների մասին է խոսքը, այդ տարիներին ձեռք բերված գույքը շատ դժվար կլինի ապացուցել՝ ինչպես են ձեռք բերվել, կարևոր է նաև ընդգծել, որ այդ տարիների շրջանառությունը, ատևտրային հարաբերությունները, ՀՀ օրենսդրությունն ամբողջովին այլ են եղել։

Ընդմիջումից հետո հարցեր ուղղվեցին Տարոն Մարգարյանի քրոջ՝ Անի Մարգարյանի վերաբերյալ, փաստաբանը նախ ճշտեց, թե ինչո՞ւ Անի Մարգարյանին չեն ներգրավել ուսումնասիրության վերաբերյալ վարույթում, դատախազն ասաց, որ այդ փուլում դիրքորոշումն այնպիսին է եղել, որ ավտոմեքենաները չեն բռնագանձում, հենց դա է եղել պատճառը, որ չեն ներգրավել։

Հարցին, թե արդյոք Անի Մարգարյանը հանդիսանում է գույքի բարեխիղճ ձեռք բերող, թե ոչ, դատախազն ասաց, որ ինչպես և նախորդ դեպքում, նշեց, որ բարեխիղճ ձեռք բերող չեն հանդիսանում, քանի որ ողջամտորեն կարող էին իմանալ՝ մեքենան ձեռք է բերվել Տարոն Մարգարյանի միջոցներով, և կարող էին իմանալ նաև, որ Տարոն Մարգարյանը այդ ժամանակահատվածում չի ունեցել դրամական միջոցներ, և այն ձեռք է բերվել ապօրինի միջոցներով։

– Իսկ չեք կարծո՞ւմ կամ բացառո՞ւմ եք արդյոք այն հանգամանքը, որ մեքենան կարող էր ձեռք բերվել ոչ թե Տարոն Մարգարյանի միջոցներով, այլ անձի օգնությամբ միջնորդությամբ, օժանդակությամբ։

– Միանշանակ չեմ բացառում այդ հանգամանքը, բայց քանի որ դրա վերաբերյալ որևէ տվյալ չունեմ, այս պահին չեմ կարող այդ մասին որևէ բան ասել։

– Իսկ փորձե՞լ եք ձեռք բերել տվյալներ։

– Տվյալները փորձում ենք ձեռք բերել պետական մարմիններից, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելով, կոնկրետ այդ մասերով որևէ այլ լրացուցիչ տվյալ չկա։

Փաստաբան Բենիկ Գալստյանը ևս հարցեր տվեց հայցվոր կողմին՝ ճշտելով, թե ինչ մեթոդներով են գնահատվել ծախսերի կատարման պահին օրինական միջոցների առկայությունը։

Դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը նշեց, որ հարցերին պատասխանելու համար մի ամբողջ տարվա բանկային քաղվածք պետք է հանվի, այս հարցերը նախապես չեն ունեցել, եթե հնարավոր է, հարցերը գրավոր ուղարկվի, որպեսզի մյուս նիստին դրանց պատասխանները տրվեն։

Փաստաբանն ասաց՝ բոլոր հարցերը ֆինանսական են, բայց, օրինակ, հարցեր կան, որոնք թվային խնդիրներ չեն պարունակում, կարող է դրանց ֆինանսական մասնագետը պատասխանել, այնուհանդերձ մյուս հարցերը էլեկտրոնային տարբերակով կուղարկվեն։

Հաջորդ դատական նիստին կշարունակվեն հաշվարկների, ֆինանսական տվյալների և այլնի վերաբերյալ հարցուպատասխանները։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 16-ին։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել