«Դժոխքի մեջ էի, երկու տղաներս պատերազմում էին»․ Հակոբը զոհվել է Շուշիի շրջանում

Հակոբ Շահինյանը ի սկզբանե ծառայել է խաղաղապահների զորախմբում, այնուհետև դարձել է հատուկջոկատային։ Քանդակագորրծ, նկարիչ Հակոբն իր կյանքը կապել էր հայրենիքի պաշտպանության հետ։ Ընտանիքում էլ Հակոբը խաղաղեցնողն է եղել։

Զիջող ու խաղաղասեր, այսպես է նրան նկարագրում կրտսեր եղբայրը ու նշում, որ նրա այդ բնավորության գծի շնորհիվ իրենք ոչ մի օր չեն կռվել․ «Կյանքում ցանկացած քայլ իր հետ եմ քննարկել, ամենամեծ խորհրդատուն էր»։

«Մի օր ասաց՝ մամ, գիտե՞ս ինչ եմ երազում․ որ մեծանամ, պետք է մեծ տուն ունենամ, երեք հարկանի, ու այդ տան բոլոր պատերին պետք է իմ նկարած նկարները լինի ու հետո, դու ինձ հետ ապրես։ Ինձ հետ ուրիշ ձև էր կապված»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Ռուզաննա Սարգսյանը։

Չնայած, որ տիկին Ռուզաննան դեմ է եղել, որ որդին զինվորական դառնա, Հակոբն ամեն դեպքում ընտրել է հոր ուղղին։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արտակ Շահինյանի որդուն մայրը չկարողացավ հետ պահել զինվորականի կյանքից։

«Չէի ուզում, երևի նրա համար, որ ամուսինս 90-ականներին վիրավորվել էր։ Չէի ուզում, չէի սրում։ Բայց նա ընտրեց։ Երկար տարիներ խաղաղապահ զորքերում էր ծառայում, հետո երկու ամսով դուրս եկավ, ուրախացա։ Երկու ամիս տևեց, մի օր եկավ ասաց՝ նորից ընդունվել եմ։ Ասացի՝ խաղաղապա՞հ, ասաց՝ չէ, հատուկջոկատային եմ լինելու։ Դե, ես գիտեի տարբերությունը որն է, որ ավելի բարդ վիճակ է լինելու։ Չլսեց մեզ, սիրում էր զինվորականի գործը»,-ասում է մայրը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, Հակոբի որդին՝ Դավիթը շատ փոքր է եղել, սակայն դա էլ հետ չի պահել նրան պատերազմի դաշտ մեկնելու մտքից։

«Եթե իմանայի, որ նորից այս ճակատագրին եմ արժանանալու, կրկին Հակոբին կընտրեի։ Կուզեի, որ մեր պես զույգեր լինեին, այդ ժամանակ կունենանք իսկապես ամուր հայրենիք»,-ասում է կինը՝ Ալինա Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել