այաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպմանը թվարկեց այն կարևոր գործոնները, որոնք Հայաստանին ու հայ ժողովրդին կդարձնեն անվտանգ, բարեկեցիկ, ազատ ու երջանիկ։
«Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, և մենք այդ անվտանգությունը պիտի ապահովենք։ Այդ անվտանգությունն ապահովելու համար է, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը, սահմանազատման օրակարգը։ Այս Հայաստանին և նրա ժողովրդին պետք է բարեկեցություն, այս է պատճառը, որ մենք որդեգրել ենք ազատ տնտեսական գործունեության քաղաքականություն, տնտեսական զարգացման քաղաքականություն, այդ թվում՝ տարածաշրջանում կոմունիկացիաների վերաբացման քաղաքականություն։ Վերջինս գործոն է՝ բարեկեցությունը մեր երկրում ապահովելու համար։
Այդ անվտանգությունն ապահովելու համար է, որ մենք որդեգրել ենք կրթական ոլորտը զարգացնելու, կրթությունը քաջալերելու քաղաքականություն»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներին պետք է ազատություն, ինչի պատճառով էլ 2018 թվականին իրականացվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, որը Հայաստանի քաղաքացիներին արդեն իսկ բերել է խոսքի, հավաքների, արտահայտվելու ազատություն։
Շարունակելով թվարկել իրական Հայաստանի անհրաժեշտությունը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանին անհրաժեշտ է արդարություն։ Մեկտեղ խոստովանեց՝ այդ բնագավառում հիմքային խնդիրներ կան։
«Ցավոք, չեմ կարող ասել, որ մենք ինստիտուցիոնալ արդարության հասել ենք։ Դրա խորքային պատճառներից մեկն այն է, որ միշտ չի՝ մեր ներքին հարաբերությունները լեգիտիմության հիմքի վրա է կառուցվել կամ, այսօր էլ՝ կառուցվում։ Դա ՀՀ երրորդ Հանրապետության պատմության ամենաֆունդամենտալ խնդիրներից մեկն է։ Ըստ իս՝ դա որոշակի կապ ունի նաև այն բանի հետ, որ մեր արտաքին հարաբերությունները ևս լեգիտիմության հիմքի վրա կառուցված չեն եղել։ Այժմ Հայաստանի անվտանգությունը և արտաքին քաղաքականությունն ուզում ենք կառուցել լեգիտիմության հիմքի վրա։Ններքին արդարության ինստիտուցիոնալ կայացման համար շատ կարևոր եմ համարում, որ մեր արտաքին քաղաքականությունները նույնպես հիմնված լինեն լեգիտիմության վրա»-ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը պետք է երջանկություն
«21-րդ դրում ուղղակի բարեկեցությունը, ուղղակի ազատությունը, ուղղակի արդարությունը և ուղղակի անվտանգությունն այլևս բավարար չենք։ Մեզ համար գաղափարախոսական է, որ մարդը պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում և ապրելով ՀՀ-ում՝ երջանիկ ապրելու հնարավորություն ունենա»
Եզրափակելով Հայաստանի անհրաժեշտությունների շարքը՝ վարչապետը շեշտեց՝ այս ամենի գագաթնակետն է անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը․
«Մենք անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը համարում ենք բարձրագույն գործիք՝ մեր քաղաքացիների, մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար»։