Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե Ազգային ժողովի դիմաց ոստիկանական համազգեստով զինվորներ են եղել։
«Միանշանակ դա չի համապատասխանում իրականությանը։ Ավելին ասեմ Ձեզ՝ ոստիկանության գործունեությունը կանոնակարգող իրավական փաստաթղթերում հստակ սահմանված են ոստիկանության համազգեստի տեսակը, դրա կրման կարգը, ինչպես նաև հստակ պահանջ կա, որ յուրաքանչյուր ոստիկան իր համազգեստի վրա, տեսանելի վայրում պետք է ունենա տարբերակիչ նշաններ և տեղեկատվություն և այսքան տեսագրությունների մեջ շատ հեշտ է պարզել՝ արդյոք տվյալ համազգեստը, տվյալ տարբերանշանը կրող ոստիկանը իրական ոստիկան է, թե ոչ։ Ոստիկանությունը, բացի ոստիկանական ուժերից, որևէ այլ ուժ չի ներգրավել և չի էլ ներգրավելու»,-ասաց նա։
Նա հերքեց նաև Բագրատ Սրբազանի այն հայտարարությունը, թե կիրառվել են բեկորային հատուկ միջոցներ, որոնք եղել են թուրքական․ «Դա նույնպես չի համապատասխանում իրականությանը, կիրառվել են բացառապես լուսաձայնային ոչ բեկորային նռնակներ»։
Արա Ֆիդանյանն ասաց, որ այդ նռնակները ռուսական են։