Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական հավակնությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասաց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։
«Մեզ համար ոգևորիչ է տեսնել այն մեծ քայլերը, որոնք կառավարությունը կատարել է, որոշները նաև մեր աջակցությամբ՝ իրավունքի գերակայությունը դարձնելով հիմնարար, պայքարելով կոռուպցիայի դեմ, հնարավորություն տալով մարդկանց իրենց դիրքորոշումները ժողովրդավար կերպով հայտնելու։ Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին»,- նշեց Օ՛Բրայենը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն նաև աջակցում է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին, ինչպես նաև աշխատում է տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
«Գիտենք, որ Հայաստանի համար անվտանգությունը, բարեկեցությունը, ժողովրդավարությունը կողք կողքի գոյություն ունեն։ Այդ ուղղություններով իրականացվող բոլոր ջանքերին աջակցում ենք։ Մենք աջակցում ենք նաև տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Մենք աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ապա այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն»,- մանրամասնեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։
Նա հիշեցրեց, որ վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղարներից Բրենդոն Յոդերը, որը համակարգում է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերը։
«Մենք շարունակելու ենք արդարադատության բարեփոխումների ոլորտում աշխատանքները։ Մենք նաև պաշտպանության, անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել։ Նախորդ տարի տեղի ունեցավ մեր համատեղ առաջին զորավարժությունը, մենք սպասում ենք ավելիին։ Ակնկալում ենք աշխատել կիբեռանվտանգության, սահմանների, էներգետիկ, պարենային անվտանգության ոլորտներում։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին։ Մեր ծրագիրն այն է, որ այս ռազմավարական երկխոսությունը փոխարինենք ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցել փոխգործակցությունը»,- եզրափակեց Ջեյմս Օ՛Բրայենը։