Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-20-ը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան Տեղական ժողովրդավարության ֆորումին։ Գլենդելի քաղաքապետարանից հայտնում են՝ Էլեն Ասատրյանը կժամանի պատվիրակությունից առաջ հունիսի 11-ի գիշերը:
Այցի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, ուսումնասիրել տնտեսական հնարավորությունները և խթանել մշակութային և կրթական փոխանակումները Հայաստանի և Գլենդելի միջև և ոչ միայն: Նա կայցելի Երևան, Գյումրի և, ինչպես նշվում է, եթե ժամանակը ների, նաև Կապան։
«Ոգևորված եմ վերադառնալու իմ ծննդավայր Հայաստան՝ որպես Գլենդելի քաղաքապետ, որտեղ բնակվում է Հայաստանից դուրս հայերի ամենամեծ համայնքը, որը կազմում է մեր քաղաքի բնակչության մոտավորապես 40%-ը»,- խոսելով Հայաստան այցի մասին, ասել է Ասատրյանը։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների և համայնքային կազմակերպությունների հետ: