Արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևան քաղաքի հետևյալ տարածքներում․ Հայկ Կոստանյանը նոր նախագծի մասին է հայտնում

Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա:

Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ:

Ըստ այդմ, արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևան քաղաքի հետևյալ տարածքներում.

Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք,

Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք,

Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:

Հիշեցնեմ, որ Երևանի ավագանու 12 սեպտեմբերի, 2023 թվական N 849-Ն որոշմամբ սահմանվել են մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել