Ադրբեջանը Հայաստանին «դատի է տվել». հնարավոր հետևանքները, ժամկետները, փոխհատուցումը

Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել Մշտական արբիտրաժային դատարանում Էներգետիկ խարտիայի պայմանագրի հիման վրա, որով Հայաստանից պահանջում է ֆինանսական փոխհատուցում, իրենց ձևակերպմամբ, «Լեռնային Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման համար»։

Խոսքը «1991-ից 2020 թվականներին «Ադրբեջանի տարածքների» «օկուպացիայի» ժամանակաշրջանում Հայաստանի կողմից «Ադրբեջանի հիդրոէներգետիկ ռեսուրսների անօրինական շահագործման» մասին է»։ 

Պաշտոնական Բաքվի պնդմամբ` Հայաստանը անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, «գրավյալ» տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։ Բաքուն նաև պնդում է, որ Հայաստանը անօրինականորեն շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը, ինչի հետևանքով ինքնավար հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է։

2023թ․ հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից նշված վարույթի վերաբերյալ ափսոսանք է հայտնել՝ հավելելով՝ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել ․․․․ համագործակցությունը» պետությունների միջև, որը միտված է «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։

Միջազգային հանրային իրավունքի  մասնագետ Դավիթ Խաչատրյանը Iravaban․net-ի հետ զրույցում նշեց՝ Ադրբեջանը պահանջում է վնասների ամբողջական փոխհատուցում, ինչպես նաև որոշակի գործողությունների՝ մասնավորապես, երկու հանքերի շահագործման և մեկ ջրաէլեկտրակայանի աշխատանքի կասեցում։ Երկրորդ պահանջն, ըստ էության արդեն անիմաստ է, քանի որ տարածքը, որտեղ վերոհիշյալ օբյեկտները տեղակայված էին, հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ են։

Որպես կանոն, տրիբունալներն ու դատարանները պատասխանող կողմի վիճարկման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ նախ քննում են տվյալ գործով իրենց իրավազորության հարցը։ Հատկանշական է, որ միայն տվյալ տրիբունալը կամ դատարանը կարող է իր իրավազորության վերաբերյալ որոշում կամ վճիռ կայացնել։ Իրավազորության հաստատման պարագայում միայն գործը քննում և ըստ էության լուծող ակտ՝ վճիռ են կայացնում։ 

Մասնագետները դժվարանում են նշել, թե դրամական ինչ չափի փոխհատուցման մասին կարող է խոսքը գնալ։ Պատճառված ենթադրյալ վնասի չափը որոշելը դատավարության այլ փուլերի խնդիր է։ 

Օրինակ՝ 2022-ի փետրվարի 9-ին Արդարադատության միջազգային դատարանը վճիռ է հրապարակել «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ընդդեմ  Ուգանդայի Հանրապետության»՝ գործով։

Վճռով դատարանը այլ բնույթի փոխհատուցունբերի շարքում Կոնգոյին իր բնական ռեսուրսների շահագործման համար վնասի փոխհատուցման մասին է վճռել։ 

«Նշված գործով շուրջ 60 միլիոն դոլարի փոխհատուցում է նախատեսել դատարանը, որը Ուգանդան պետք է Կոնգոյին վճարի։ Այստեղ կիրառելի իրավունքն այլ է, դատարանը այստեղ փոխհատուցում է շնորհել Կոնգոյի բնական ռեսուրսներ Ուգանդայի կողմից ապօրինաբար շահագործելու համար։ Մեր դեպքում ես տեղեկություն չունեմ, թե որքան փոխհատուցում է պահանջվում Հայաստանից։ Բացի այդ, կա նաև ներկայացուցչական և դատական ծախսերի խնդիրը, որը կարող է մի քանի հարյուր հազար դոլարի հասնել»,-նշեց Դավիթ Խաչատրյանը։

Սակայն սա միանգամայն այլ գործ է, այլ հանգամանքներով և իրավական այլ շրջանակներում, և ուղղակի զուգահեռներ տանելը ճիշտ չի լինի։

Միջազգային հանրային իրավունքի  մասնագետի խոսքով՝ որպեսզի Ադրբեջանի հայցը բավարարվի, տրիբունալը պետք է գտնի, որ հայցվորի վկայակոչած արարքները վերագրելի են Հայաստանին։ 

Այն հարցին, թե արդյոք խոսքը գնում է օկուպացիայի մասին, Խաչատրյանը պատասխանեց, որ միջազգային ատյանները, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ երբեք չեն վճռել, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքներն է օկուպացրել, որի վերաբերյալ դատարանում նաև բարձրաձայնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

«Օկուպացիան կարգավորող իրավական շրջանակը կարգավորվում է սովորութային իրավունքով, ինչպես նաև Հաագայի IV կոնվենցիայիով, Ժնևի 4-րդ կոնվենցիայիով և I լրացուցիչ արձանագրությամբ»,-ասաց նա։

Դատարանի վերջնական որոշման մասին խոսելով Խաչատրյանը նշեց՝ դատավարությունը կարող է տարիներ տևել, քանի որ ոչ վաղ անցյալում է գործընթացը սկսվել։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել