«Երջանիկ է այն մարդը, որն առավոտյան ուզում է գնալ աշխատանքի, իսկ երեկոյան սպասում է, թե երբ պետք է աշխատանքն ավարտի, որ գնա տուն՝ իր ընտանիքի մոտ»․ Նոտարական պալատի նախագահ

Լիլիթ Մուրադյանը 2019 թվականից ընտրվել է Նոտարական պալատի նախագահ, իսկ մինչ այդ, երկար տարիներ աշխատել է որպես նոտար։ Մասնագիտական բարդ ու հետաքրքիր ուղի, աշխատանքային ծանրաբեռնվածություն, նոտարական համայնքի խնդիրներ, բարեփոխումներ։ Այս ամենի մասին Iravaban.net-ի հետ զրույցում պատմել է պալատի նախագահը՝ պատասխանելով նաև այլ կարևոր հարցերի։

– Տիկի՛ն Մուրադյան, Դուք սովորել եք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում, աշխատել եք նաև որպես ապրանքագետ, ավագ տեսուչ․ նոտար դառնալու ճանապարհն ինչպե՞ս ընտրվեց։

– Նախ շնորհակալություն նաև Ձեզ, որ շատ կարևորել եք հանդիպումը: Շատ հետաքրքիր էր նոտար դառնալու որոշումը, քանի որ ի սկզբանե ընտրել էի տնտեսագետի մասնագիտությունը. ավարտել եմ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն բաժինը: Շատ եմ սիրում ճշգրիտ առարկաները: Մի քանի տարի  աշխատել եմ ՀՀ սպորտբազայում՝ որպես ապրանքագետ, այնուհետև աշխատել եմ ՀՀ ՆԳՆ ֆինանսական վարչությունում: Այդ ընթացքում 2-րդ կրթությունն եմ ստացել. ավարտել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: Քրեական իրավունքի ուղղությամբ էի ուզում շարունակել աշխատանքս, քանի որ ոլորտը շատ եմ սիրում, բայց վախեր կային, օրինակ, արյուն, սպանություն տեսնելուց: Ես շատ եմ սիրում իրավաբանությունը և կարծում եմ, որ  իրավաբանի մասնագիտությունների մեջ նոտարի առաքելությունը տարբերվող է. նա կարողանում է օգնել մարդկանց: Հիմա կասեք՝ փաստաբանը չի՞ օգնում, փաստաբանն էլ է օգնում, բայց երբեմն նա կարող է պաշտպանել հանցագործին, ինչը ես չէի կարող անել: Իսկ մարդկանց օգնելու ավելի լայն հնարավորություններ ունի նոտարը, քանի որ նրա գործիքակազմը լայն է, մասնագիտությունը՝ բազմաշերտ: Դա էր նոտար դառնալու իմ հիմնական շարժառիթը:

– 2019 թվականին ընտրվել եք ՀՀ նոտարական պալատի նախագահ, ի՞նչ կարևոր փոփոխություններ կատարեցիք Ձեր գործունեության ընթացքում և ի՞նչ քայլեր դեռ պետք է կատարեք։

– Վերջերս ընկերներս հիշեցրին ինձ իմ խոսքերը. 2019 թվականին, երբ Նոտարական պալատի նախագահի ընտրություններն էին,  ես չասացի, թե ինչ կանեմ, ուղղակի ասացի, թե ինչպիսին կուզեի, որ լիներ Նոտարական պալատը: Օրինակ՝ Պալատը  երկար տարիներ շատ լուրջ խնդիր ուներ՝ կապված նոտարական միասնական արխիվի հետ: Արխիվի բացակայության պատճառով, շատ դեպքերում, պարալիզացվում է աշխատանքը. բարդ է կենսաթոշակի անցած կամ աշխատանքից ազատված նոտարների արխիվային գործերի փոխանցումը փոխարինող նոտարներին: Այս բոլոր խնդիրների լուծման նպատակով մենք նախաձեռնեցինք միասնական արխիվի ստեղծումը, որը հիմա ընթացքի մեջ է:  Երկրորդ կարևոր բարեփոխումը վերաբերում է նոտարների աշխատակազմերը համալրող  դպրոցի ստեղծմանը, որը պատրաստում է նատարական աշխատանքին տեղյակ, տեսական ու գործնական գիտելիքներ ստացած աշխատակիցներ:  Նման երկու դասընթաց արդեն բարեհաջող ավարտել ենք, իսկ շրջանավարտներից շատերն այժմ աշխատում են նոտարական գրասենյակներում:

Անդրադառնալով օրենսդրական փոփոխություններին՝ նշեմ, որ դեռ 2017 թվականից սկսած դատարանների լիազորությունների մի մասը վստահվեց նոտարներին: Խոսքս վերաբերում է կատարողական մակագրության թերթի տրամադրմանն ու  իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատմանը: Նոտարների շնորհիվ այս գործողությունների կատարման ժամկետներն էապես կրճատվեցին, և քաղաքացին իր իրավունքների իրացման համար  այլևս ստիպված չէ սպասել  2-3 տարի: Այս բարեփոխման նախնական տարբերակով քաղաքացին պետք է դիմեր նոտարին, և վերջինի մերժման դեպքում, նոր միայն կարող էր դատարան դիմել, բայց իմ նախագահության տարիներին կատարված  օրենսդրական փոփոխությամբ որոշվեց քաղաքացուն տալ ընտրության իրավունք՝ դիմել կա’մ նոտարին, կա’մ դատարան: Նոտարին դիմելու դեպքում՝ փաստաթղթերի հավաքագրման փուլից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, իրավաբանական նշանակության փաստը հաստատվում է, ինչը շատ կարևոր է քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Շատ կարևոր գործառույթ է նաև կատարողական մակագրության թերթի տրամադրումը նոտարի կողմից: Եթե մատչելի բացատրեմ, նոտարի կողմից հաստատված փոխառության պայմանագրի դեպքում, եթե մի կողմը չի կատարում իր պարտավորությունը, օրինակ՝ չի վերադարձնում պարտքով գումարը, մյուս կողմը ստիպված չէ դիմել դատարան, քանի որ նոտարն ինքը կարող է արձակել կատարողական մակագրության թերթ, եթե կողմերն ի սկզբանե նման պայմանավորվածության եկել էին նոտարի մոտ: Սա ևս էապես խնայում է քաղաքացու ժամանակն ու նրան ազատում դատական վեճերից:

– Նոտարից նոտարական պալատի նախագահ դառնալու ընթացքն ինչպիսի՞ն էր, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք։

– Ես Ձեզ անկեղծ ասեմ՝ պալատի նախագահ դառնալու ճանապարհին դժվարությունների չեմ հանդիպել, պատասխանատվությունը ստանձնելուց հետո եղան դժվարությունները: Ես պատկերացնում էի, թե որքան ծանր է պալատի նախագահի աշխատանքը, բայց ընկերներս ինձ շատ խնդրեցին ստանձնել այդ պատասխանատվությունը՝  միգուցե իմ մեջ տեսնելով այն բոլոր հատկանիշները, որոնք կուզեին տեսնել նախագահի մեջ: Չկարողացա նրանց մերժել, բայց խորհրդակցեցի նաև ընտանիքիս հետ, քանի որ աշխատանքը չափից դուրս ժամանակատար է․ ծանրաբեռնվածությունը մեծ է: Պատկերացրեք՝ շաբաթվա երկու-երեք օրն աշխատանքն ավարտում ենք գիշերը՝ ժամը 12-ին, 1-ին, քանի որ նիստերը գումարում  ենք երեկոյան ժամը 7-ից հետո, աշխատում ենք մեր մասնագիտական հանձնաժողովների հետ: Եվ այս ամենը բարդ է համատեղելը նոտարի աշխատանքի հետ, երբ քաղաքացին քեզ է սպասում, իսկ դու պետք է հասցնես նաև հանդիպումների մասնակցել, օրինակ՝ կառավարությունում, նախարարությունում, Կադաստրի կոմիտեում և այլուր:

Ես շատ մեծ նշանակություն և առաջնահերթություն եմ նաև տալիս միջազգային կապերի ընդլայնմանը, որովհետև մենք շատ ենք ուզում, որ նոտարն իր մասնագիտական ասպարեզում, աշխատանքային գործունեության շրջանակում կարողանա բարձր պահել մեր հայրենիքի անունը, իսկ դա անելու համար պետք է հաճախակի մասնակցել միջազգային կոնֆերանսների, հանդիպումների: Ուզում եմ նաև նշել, որ իմ նախագահությունը սկսվեց բարդ շրջանում. 2019 թվականի դեկտեմբերին եմ ընտրվել նախագահ, հունվարից արդեն սկսում էինք նոր աշխատանքները, ու տարածվեց COVID-ը: Այդ սահմանափակումներից հետո սկսվեց պատերազմը, բայց մենք չէինք դադարում նույն տեմպերով աշխատել:

– Ինչպիսի՞ բարեփոխումներ են տեղի ունեցել նոտարական համայնքում և ի՞նչ նոր բարեփոխումներ դեռ պետք է կատարվեն։

– Ինչպես արդեն նշեցի, 2017 թվականին դատարաններից մեզ անցավ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործառույթը։ Սկզբնական շրջանում փաստի հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով նոտարը չէր կարողանում իրականացնել այդ գործառույթը: Հետագայում՝ իմ նախագահության շրջանում, օրենսդրական փոփոխությունների շնորհիվ  այս գործառույթի շրջանակում նոտարին տրվեց նաև վկային լսելու հնարավորություն,  որից հետո արդեն փաստաթղթերի բացակայութան դեպքում նոտարը կարողանում է հաջողությամբ հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը: Նախորդ տարի ևս նոտարների շնորհիվ թեթևացավ դատարանների ծանրաբեռնվածությունը մոտ 80 %-ով. նոտարներին վերապահվեց 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակումը: Սա շատ բարդ գործընթաց է, որովհետև պարտավորության հիմքում ընկած օրենսդրական նորմերի ուսումնասիրությունը պարտադիր պետք է կատարվի, իսկ նոտարներն էլ, ի ուրախություն բոլորիս, արհեստավարժ են իրենց գործի մեջ և չափից դուրս մանրամասն են  ուսումնասիրում դիմումները: Կարող եմ ասել, որ պատվով սկսել ենք այս գործընթացը:

Ծավալուն աշխատանք է տարվում հիմա թվայնացման ուղղությամբ: Թվայնացման անհրաժեշտությունը օրեցօր մեծանում է, և նոտարական համայնքն էլ չի կարող ետ մնալ այդ ամենից: Իհարկե ժամանակին համահունչ պետք է քայլել, բայց նաև չմոռանանք նոտարի հիմնական առաքելությունը, այն է՝ երբ քաղաքացին գալիս է գործարքի, նոտարը պետք է բացահայտնի, թե արդյոք նա իր կամքով է եկել, արդյոք լավ տեղեկացված է, ու արդյոք իրեն հենց այդ  գործարքն է իրականում անհրաժեշտ: Նոտարի առաքելությունն է նաև քաղաքացիների միջև  ծագող հնարավոր վեճերի կանխարգելումը։ Իսկ թվայնացման դեպքում նոտարը պետք է գործիքակազմ ունենա՝ քաղաքացիներին նույնականացնելու: Քաղաքացին կկարողանա ցանկացած վայրից էլեկտրոնային տարբերակով դիմել միակողմանի կամ երկկողմանի գործարքների վավերացման համար: Թվայնացման շնորհիվ, ըստ էության, նոտարի աշխատանքն ամբողջությամբ կիրականացվի մեկ պատուհանի սկզբունքով: Համակարգերի փոխգործակցության արդյունքում փաստաթղթերի հավաքագրման գործընթացը կհեշտանա, օրինակ՝ քաղաքացին ստիպված չի լինի իր պայմանագիրն անձամբ հասցնել Կադաստրի կոմիտե, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի խուսափել մի շարք կեղծիքներից: Պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկանքները պետք է ստացվեն էլեկտրոնային ճանապարհով:  Այժմ շատ ակտիվ աշխատում ենք այս բարեփոխումների ուղղությամբ: Եթե կարողանանք դրանք կյանքի կոչել, քաղաքացիների ծանրաբեռնվածությունը կթեթևանա, իսկ իրավունքներն ավելի պաշտպանված կլինեն: Նշեմ նաև, որ նոտարները մեծ դեր ունեն փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարում: Նրանք կասկածելի գործարքների մասին հաշվետվություն են ներկայացնում համապատասխան մարմիններին: Փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում նախորդ տարի նվիրատվության բոլոր գործարքների վավերացումը Կադաստրի կոմիտեից փոխանցվեց նոտարներին, քանի որ նոտարը իր գործիքակազմով կարողանում է բացահայտել և կանխարգելել շինծու գործարքները:

Կարծում եմ՝ անշարժ գույքի հետ կապված գործարքները պետք է նորից վերադառնան նոտարի գործիքակազմ,  քանի որ, իրականում, շատ նուրբ հարցեր կան, որոնք կարող են պարզաբանվել միայն նոտարի գործառույթների շրջանակում։

Ճիշտ է՝ Դուք ինձ հարցեր եք տալիս վերջին շրջանի բարեփոխումների մասին, բայց ես անպայման ուզում եմ  մի քանի բառով  նշել, որ նոտարի գործիքակազմում կան մի շարք կարևոր գործառույթներ, որոնց մասին քաղաքացիներն անգամ չգիտեն: Այդպիսիք են օրինակ՝ ապացույցի ապահովումը, դեպոզիտի ընդունումը,  քաղաքացու բանավոր հայտարարությունը, փաստաթղթերի փոխանցումը մեկից մյուսին: Ցավոք, քաղաքացիները հաճախ չեն օգտվում իրենց այս իրավունքներից անտեղյակության պատճառով, և մենք պետք է էլ ավելի ակտիվ իրազեկման աշխատանք տանենք:

– Տիկի՛ն Մուրադյան, էլեկտրոնային հարթակը որոշակիորեն թեթևացնո՞ւմ է նոտարական համակարգի աշխատողների ծանրաբեռնվածությունը։

– E-notary համակարգը քաղաքացիների իրազեկման համար է, այն շատ է օգնում քաղաքացիներին, որոնք կարողանում են օգտվել համակարգից։ Իսկ նոտարների աշխատանքը հեշտացնում է Էլեկտրոնային նոտար համակարգը՝ AENIS-ը: Եթե նախկինում բոլոր տվյալները հավաքվում էին ձեռքով, այսօր անձնական տվյալների բազան «Էկենգ» համակարգից միանգամից թվայնացված փոխանցվում է։ AENIS-ը նվազեցնում է սխալվելու հավանականությունը, որովհետև նվազում է մարդկային գործոնը: Նոտարներն աշխատանքային հարցերով միմյանց հետ հաղորդկացվում են հենց այս համակարգի միջոցով. ծանուցումներ, հարցումներ են ուղարկում, պատասխաններ ստանում։ Համակարգի միջոցով նոտարական համայնքը տվյալներ է փոխանակում նաև պետական մարմինների հետ, որոնց շրջանակը գնալով ընդլայնվում է, և նախատեսում ենք էլ ավելի ընդայնել: Ինչպես նշեցի՝ նոտարները Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շջանակում հաշվետվություններ են ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկ, ինչը շատ ժամանակատ էր: Այդ գործընթացը ևս թվայնացվել է, այժմ փորձարկման փուլում է, և առաջիկայում արդեն ինքնաշխատ եղանակով այդ բոլոր հաշվետվությունները կփոխանցվեն Կենտրոնական բանկին: Էլեկտրոնային եղանակով նոտարները կկարողանան հարցումներ անել նաև Կենտրոնական դեպոզիտարիային՝ քաղաքացիների կուտակային կենսաթոշակների, բաժնային սեփականության վերաբերյալ և ինքնաշխատ եղանակով ստանալ պատասխաններ: Այս հնարավորությունը ևս փորձարկման փուլում է և առաջիկայում ամբողջությամբ կկիրառվի նոտարների կողմից: Կադաստրի կոմիտեի հետ էլեկտրոնային եղանակով համագործակցության ընդլայնման շուրջ նույնպես աշխատում ենք՝ փորձելով մեծացնել փոխանակվող տեղեկատվության ծավալը: Այս բոլոր բարեփոխումների շնորհիվ քաղաքացին, նոտարի մոտ գալով, կարողանում է օգտվել մեկ պատուհանի ծառայությունից, օրինակ՝ ստանալ   գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, սեփականության վկայականը, ստանալ տեղեկություն՝ արդյոք համաձայն Հարկային օրենսգրքի՝ գույքահարկի վերաբերյալ պարտավորություններ առկա՞ են, թե՞ ոչ, արդյոք նոտարը կարո՞ղ է այդ պայմանագիրը վավերացնել, թե՞ ոչ։ Գործարքի ավարտից հետո նոտարի մոտ դիմում գրելով՝ քաղաքացին հնարավորություն ունի նաև իրականացնել անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը Կադաստրի կոմիտեում՝ դարձյալ մեկ պատուհանի սկզբունքով՝ նոտարական գրասենյակից:

– Տարիներ շարունակ նոտարական ծառայությունների համար սահմանված տուրքը չի փոխվում։ Ի՞նչ դիրքորոշում ունի այս կապակցույթամբ նոտարական պալատը, դրանք վերանայելու ժամանակը չէ՞։

– Այո՛, շատ երկար տարիներ ոչ մի գնային փոփոխություն սակագների հետ կապված տեղի չի ունեցել, վերջին փոփոխությունը եղել է 2002 թվականին՝ սակագների իջեցման տեսքով: 22 տարվա ընթացքում բոլոր ծառայությունների գները բարձրացել են, իսկ նոտարական գործողությունների սակագները մնացել են անփոփոխ։ Ինձ այդքան չի մտահոգում սակագների ցածր լինելը, որքան դրանց անհամարժեքությունը նոտարի ստանձնած պատասխանատվության չափին: Օրինակ՝ Կադասրի կոմիտեում վավերացվում է միայն  ստորագրության իսկությունը, իսկ նոտարը ուսումնասիրում, պարզաբանում է գործարքի էությունը, հիմքերը և սխալվելու դեպքում՝ իր անձնական գույքով է պատասխանատվություն կրում:  Հետևաբար, ինչպես նշեցի, նոտարի պատասխանատավության չափը համարժեք չէ նոտարական գործողության սակագնի չափին։ Ըստ միջազգային փորձի՝ նոտարական գործողության սակագինը ձևավորվում է վաճառվող գույքի արժեքից՝ ըստ համապատասխան տոկոսային հարաբերակցության, իսկ մեզ մոտ, ինչպես նշեցի, սակագները ֆիքսված են:  Պետք է հաշվի առնել նաև, որ նոտարն այսօր խոշոր հարկատուներից մեկն է. շրջանառության հարկի շրջանակում չեն նվազեցվում նոտարի հարկային պարտավորությունները, և ըստ օրենսդրական նաձախեռնության՝ նոտարը պետք է հարկվի ԱԱՀ-ով, ինչի հետևանքով մտավախություն կա, որ մարզերի նոտարները, հնարավոր է, չկարողանան աշխատել, որովհետև եկամուտ չեն ունենա: Ավելացված արժեքի հարկը ծանր դաշտ է. նոտարի համար չէ: Հետևաբար, նոտարի հարկային բեռն ու պարտավորությունները գնալով շատանում են՝ առանց սակագնային դաշտը վերանայելու։ Եթե օրենսդրական այս նախաձեռնությունը օրենքի ուժ ստանա, կարծում եմ, որ իսկապես անհրաժեշտ կլինի, միջազգային փորձը ուսումնասիրելով, վերանայել նոտարական գործողությունների սակագները՝ դրանք համապատասխանեցնելով նոտարի կատարած աշխատանքին և ստանձնած պատասխանատվության չափին:

– Ըստ Ձեզ, քաղաքացիներին բավարարված տեսնելու և նրանց խնդիրները լուծելու համար նոտարի համար առաջին նախապայմանը ո՞րը պետք է լինի։

– Առաջին հերթին պետք է կարողանալ քաղաքացուն ճիշտ կողմնորոշել, որ եթե տվյալ գործողությունը նոտարի լիազորությունների մեջ չի մտնում, ապա ուր կարող է դիմել, որպեսզի ստանա իրեն հուզող հարցերի պատասխանները։ Այդ դեպքում՝ անգամ եթե գործարքը նոտարի գործառնական տիրույթում չէ, քաղաքացին գրասենյակից դուրս է գալիս բավարարված: Մեր նոտարներն արհեստավարժ են, որովհետև բազմաշերտ ու բազմապրոֆիլ գիտելիքներ ունեն: Քաղաքացուն բավարարված տեսնելու նախապայմանները, երևի, նոտարի գիտելիքներն են ու համբերատարությունը: Նոտարը պետք է մի քիչ էլ հոգեբան լինի՝ քաղաքացուն հասկանալու համար։ Այդ նպատակով՝ մեր ամենամյա պարտադիր վերապատրաստման դասընթացներում մենք ներգրավում ենք նաև հոգեբանների, որոնք մեզ լավ հնարքներ են սովորեցնում՝ քաղաքացուն ճիշտ ուսումնասիրելու և հասկանալու համար,  այդ թվում՝ ժեստերի լեզուն:

Ես կարծում եմ՝ ամենակարևոր նախապայմանը քաղաքացուն լսելն է՝ նրան ճիշտ ուղղորդելու համար:

– Տիկի՛ն Մուրադյան, որպես նոտարական պալատի նախագահ, Ձեզ Ձեր աշխատանքում խիստ համարո՞ւմ եք։

– Ես պահանջկոտ եմ։ Որպեսզի աշխատանքը չտուժի, ղեկավարը պետք է խիստ լինի։ Երբեք չի կարելի խստությունն անտարբերության, անմարդկայնության հետ շփոթել: Ես կողմ եմ աշխատանքային ռեժիմի, կարգապահության պահպանմանը։ Երևի պետք է իմ աշխատակազմից հարցնեք՝ խի՞ստ եմ, թե՞ ոչ, բայց ինքս գտնում եմ, որ խստությունը անհրաժեշտ է, որովհետև հաջողության գրավականը կարգապահությունն է. եթե դու կարգապահ չեղար, աշխատակազմդ կարգապահ, կազմակերպված չեղավ, դրանից միայն աշխատանքն է տուժելու։

– Ի՞նչ վերահսկողություն է իրականացվում նոտարական համակարգի նկատմամբ, ինչպիսի՞ համագործակցության մեջ եք գտնվում Արդարադատության նախարարության հետ։

– Օրենքի համաձայն՝ վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարությունը։ Վերջինի հետ համագործակցությունը շատ կառուցողական է, քանի որ այսօր նախարարությունում նոտարական համայնքի հետ աշխատանքի  համակարգողը Սիրվարդ Գևորգյանն է, որը նախկին նոտար է: Նրա հետ աշխատանքը հեշտ է, քանի որ նա քաջատեղյակ է նոտարական համակարգի խնդիրներին: Մեր առաջարկած փոփոխություններն էլ, կարող եմ ասել, որ հնարավորին չափ կյանքի են կոչվել։ Օրենսդրական փոփոխությունների իրականացումը շատ կարևոր էր նոտարի աշխատանքի համար, որովհետև օրենսդրությունը ևս պետք է փոխվի ժամանակի հետ ու չդառնա ժամանակավրեպ: Նախարարության մոտեցումը շատ մասնագիտական է և ընդառաջող․ լավ մտքերը միշտ էլ պատրաստ են կյանքի կոչել։ Մեր միջազգային գործընկերները, երբ հյուրընկալվում են մեզ, միշտ հիանում են մեր ու նախարարության համագործակցության մակարդակով:

Ոչ ոք այսօր որևէ ներգործություն չի կարող ունենալ նոտարի աշխատանքի վրա, խոսքս, իհարկե,  վերահսկողության մասին չէ: Նոտարն ինքն է պատասխանատվություն  կրում իր յուրաքանչյուր գործողության համար, բայց այս ինքնուրույնության շրջանակում նոտարը նաև հիշում է, որ պետության անունից է հանդես գալիս և պետության անունն է բարձր պահում։

– Տիկի՛ն Մուրադյան, կնոջ համար հե՞շտ է հասցնել և՛ աշխատանքային պարտականությունները կատարել, և՛ առօրյա կյանքում, ընտանիքում ակտիվ լինել։ Ինչպե՞ս է այդ ամենը համատեղվում Ձեր կյանքում։

– Շատ դժվար է, քանի որ պետք է հասցնես ամեն ինչ՝ շփվել ընկերների, ընտանիքի հետ, մասնակցել կազմակերպվող միջոցառումներին, քննարկումներին։ Ընտանիքում ևս պետք է ամեն ինչ հասցնել․ ընտանիքիդ անդամները երեկոյան գալիս են ընթրելու, և անգամ, եթե դու առցանց նիստի ես մասնակցում, ընթրիքի սեղանը պետք է պատրաստ լինի, բոլորի հագուստները լվացված, արդուկված պետք է լինեն։ Այո՛, այդ ամենն անում եմ և հասցնում եմ: Եթե ցանկություն կա, ու սիրում ես, ուրեմն՝ ամեն ինչ սիրով ես անում։

Ասում են՝ երջանիկ է այն մարդը, որը երջանիկ է տանը։ Ամեն ինչ պետք է լինի ոսկե միջինով, ընդամենը պետք է կարողանալ օգնել մարդկանց, լինել ընտանիքիդ, ընկերներիդ կողքին։ Ես շատ եմ սիրում իմ ընկերներին ու իմ աշխատանքը: Ինձ համար երջանիկ է այն մարդը, որն առավոտյան ուզում է գնալ աշխատանքի, իսկ երեկոյան սպասում է, թե երբ պետք է աշխատանքն ավարտի, որ գնա տուն՝ իր ընտանիքի մոտ․ սա իմ երջանկության բանաձևն է, ու ես երջանիկ եմ։

Հարցազրույցը՝ Մարիամ Շահնազարյանի

Լուսանկարները՝ Լուսինե Հակոբյանի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել