Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան։ Երթի մասնակիցները կմիանան Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթին։
«Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել շանտաժի միջոց, պատերազմի սպառնալիքի միջոցով չի կարող լինել։ Ոչ թե պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, որին պետք է հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն են ուզում դիմացը, պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո նոր պետք է սկսվի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցե քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ իր քաղաքացիներին պատերազմով և ստիպել գծել սահմանները։ Այս իշխանությունը, որը լծվել է չգիտես թե ում ծառայելու գնում է հենց այդ ճանապարհով՝ նախ սահմանազատում և սահմանագծում Ադրբեջանի ցանկությամբ հետո նոր իբրև թե պատերազմի սպառնալիքը հետ մղի և հետո նոր խաղաղության պայմանագիր լինի»,- նշեց Աջապահյանը։
Միքայել Սրբազանի խոսքով՝ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։ Հիմա լուսանկարներ և ելույթներ են տարածում:
«Իշխանությունը վախեցած է այս շարժումից , ուրիշ հերոսի անուն չիմանալով, նույն հերոսի անունն է տալիս։ Ես միշտ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն՝ լինել պետական կառավարման մեջ: Մենք չունենք նման ցանկություն, նման ամբիցիա: Անտարբերությունը մահացու մեղք է, մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, որոնք վտանգում են մեր պետականությունը և անվտանգությանը», – ընդգծեց Միքայել Սրբազանը։