Կարեն Վանեցյանի փաստաբանական խմբի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ ասվածի վերաբերյալ

Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ Կարեն Վանեցյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման քաղաքականացվածության վերաբերյալ մեր համոզմունքը փաստարկել ենք այդ հետապնդումը մեկնարկելու առաջին պահից։ Այս մասին հայտարարություն է տարածել Վանեցյանի փաստաբանական խումբը։

«Մանրամասնությամբ բացահայտել և արձանագրել ենք բոլոր այն փաստերը, որոնք վկայությունն են այն հանգամանքի, որ այս հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ։ Այդ հանձնարարությունները քաղաքական իշխանության կողմից տրվել են քննչական, դատախազական և դատական համակարգերին։

Վերջին մամուլի ասուլիսում գործադիր իշխանության ղեկավարը լրացուցիչ անգամ, և արդեն առանց թաքցնելու, իր ասուլիսում անձամբ հաստատեց մեր պնդումները և տեղեկացրեց բոլորին, որ իրավապահ համակարգն ու դատարանները չեն կարող կայացնել այլ որոշում, քան մեր վստահորդ Կարեն Վանեցյանին մեղավոր ճանաչելն է։ Այսինքն արձանագրվեց քրեադատավարական գործընթացին միջամտելու ուղիղ վարքագիծ: Հատկանշական է, որ նման մոտեցման տարրերն առկա էին գործի նախաքննության ամենասկզբնական փուլում։

Հարկ ենք համարում մեջբերել ուղիղ խոսքը, որն այլ կերպ, քան քաղաքական վճռականությամբ անձին քաղաքական հետապնդման ենթարկելն է՝ անհնար է հասկանալ.
«․․․ Չնայած ես ձեզ ասեմ, էդ տարբերակ չկա, որ Հայաստանի Հանրապետությունը, ես ուզում եմ իմ քաղաքական վճռականություն էստեղ արտահայտեմ, էդ փայաբաժինը պետք ա լինի Հայաստանի Հանրապետությանը։ Ուրիշ տարբերակ չկա։ Թող որևէ մեկը․․․ կանցնի հա, մի ամիս, մի տարի, բայց դա, տարբերակ չկա, դա պետք ա որպես ապօրինի գույք վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը»։

Լրացուցիչ անգամ հիշեցնում ենք, որ խոսքն այն գույքի մասին է, որի ապօրինի լինելու կամ չլինելու հարցը դեռևս գտնվում է քննության փուլում և չկա որևէ հաստատում այն մասին, որ այդ գույքը կամ փայաբաժինն ապօրինի է։ Ուշագրավ է, որ այս բոլոր զարգացումները, հետապնդումները սկիզբ են առել գործադիր իշխանության գործողությունների և միջամտությունների հետևանքով նախաձեռնված միջազգային արբիտրաժային վեճի հետ միաժամանակ:

Հայտնում ենք, որ փաստաբանական խումբն այս առնչությամբ դիտարկում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը։

Փաստաբաններ
Արամ Վարդևանյան
Արսեն Բաբայան
Սոս Հակոբյան»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել