ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Այսօր ԱԳՆ-ում ծանոթացել ենք Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանին 2024 թ․ հունվարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։
Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որևէ էական տեղաշարժ չկա, և առաջարկների նախկին փաթեթներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած բոլոր մտահոգությունները, կապված ՀՀ-ի կողմից որևէ հավելյալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի և ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ, պահպանվում են։
Սակայն, ուշագրավ ենք համարում հետևյալ հանգամանքը. պայմանագրի կետերին ծանոթանալու ընթացքում ԱԳՆ աշխատակիցները մեզ ակնարկեցին, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վտանգների և կեղծ խաղաղության թեզի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված մեր ջանքերը հայտնվել են համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, և ԱԳՆ֊ն ուսումնասիրում է մեր կողմից գաղտնի տեղեկությունների չհրապարակայնացման դրույթը խախտելու հանգամանքների առկայությունը։
Փաստորեն, Ադրբեջանի նախագահի` ՀՀ-ին և հայ ժողովրդին ամենօրյա ռեիժիմով ուղղվող սպառնալիքների ֆոնին, ՀՀ ԱԳՆ֊ն զբաղված է ընդդիմադիր պատգամավորների հարցազրույցները և հրապարակային խոսքերը քննելով։
Հայտնում ենք, որ մենք սա գնահատում ենք ուղիղ սպառնալիք և պատգամավորական գործունեությանը խոչընդոտող քայլ, միաժամանակ` տեղեկացնում, որ շարունակելու ենք մեր ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը միտված մեր գործունեությունը» ,-ասված է հայտարարության մեջ։